Հետևեք մեզ։

Այնպես չէ, թե մենք լուռ կմնանք և չենք մեկնաբանի․ Չեխիայի վարչապետը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

16:28, 04 մայիս 2023
Այնպես չէ, թե մենք լուռ կմնանք և չենք մեկնաբանի․ Չեխիայի վարչապետը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է իրավիճակի հստակ և հասցեական գնահատական տա, մանավանդ, որ մեր գնահամամբ՝ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են։ Այս համատեքստում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում եմ անհրաժեշտ։

 

Այս մասին այսօր Պրահայում Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի։

 

Լրագրողներից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է լռում Չեխիայի կառավարությունը Լաչինի միջանցքի շրջափակման հարցում, ինչպե՞ս կարող է Չեխիան ազդել Ադրբեջանի վրա, և ինչո՞ւ Եվրամիությունը պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ։

 

Չեխիայի վարչապետը պատասխանեց, որ պետք է շարունակեն ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն խաղաղ լուծման։

 

«Մենք սրա համար հնարավորություն ստեղծել ենք Պրահայում, աջակցում ենք Հայաստանի ջանքերին՝ միտված խաղաղ լուծմանը, ես կարծում եմ, որ չպետք է այս ճանապարհին խոչընդոտները դիտարկենք խնդիրներ։ Ընդհակառակը, մենք պետք է փորձենք տևական խաղաղության հասնել, իսկ դա անելու համար մեզ անհրաժեշտ է նաև մյուս կողմը, մեզ պետք են ադրբեջանցիները, մեզ երկու կողմից անհրաժեշտ է բարի կամք։ Այնպես չէ, թե մենք լուռ կմնանք և չենք մեկնաբանի։ Ես իմ բացման խոսքի ընթացքում արդեն ասացի, որ մենք Լեռնային Ղարաբաղի մարդասիրական իրավիճակի մասին մտահոգություններ հայտնել ենք, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է։ Եվրոպական միությունը հայտարարություն է արել, և մենք այդ հայտարարությանը կողմ ենք, սատարում ենք, այնտեղ կոչ է արվում ապահովել անվտանգությունը, ապահովությունը և Լեռնային Ղարաբաղի բնակիչների տեղաշարժի ազատությունը։ Բայց մենք պետք է ապագայի մասին մտածենք։ Ես շատ բարձր եմ գնահատում խաղաղության միտված դիտանկյունը, որով այս խնդրին անդրադառնում է Հայաստանի վարչապետը։ Ես դա ճիշտ մոտեցում եմ համարում, դա է ճիշտ ուղին, նա կարող է ակնկալել մեր աջակցությունը, Եվրամիության և այլ անդամ պետությունների աջակցություն, քանի որ մենք պետք է մտքում պահենք մի հանգամանք՝ սա չի կարող ժամանակավոր լուծում լինել։ Մենք՝ բոլորս, պետք է դիտարկենք, թե ինչպես կարելի է լավագույն մոտեցումն ապահովել և զարգացում ապահովել Հայաստանի համար, իսկ դրա համար անհրաժեշտ է մնայուն տևական խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում»,-ասաց վարչապետ Ֆիալան։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ