2024թ. հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) առնչությամբ վերջին զարգացումները:
Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից վերացնել, որպիսի պայմաններում փաստաբանները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:
Հիշեցնենք, որ Օրենքի կապակցությամբ իր մտահոգությունն էր հայտնել նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ Օրենքի առումով չի ներկայացվել միջազգային չափանիշներին համապատասխան հարկային քաղաքականության փոփոխության իրավաչափությունը գնահատելու անհրաժեշտ հիմնավորումը, չի ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցությունների և ռիսկերի գնահատումը, ինչպես նաև չեն իրականացվել պատշաճ հանրային իրազեկման աշխատանքներ և շահառուների հետ քննարկումներ: Բացասական կարծիք է տվել նաև Արդարադատության նախարարությունը:
Ընդ որում, Օրենքը մշակելիս հաշվի չի առնվել փաստաբանության իրավապաշտպան բնույթը, ինչպես նաև այն, որ փաստաբանական ծառայությունների մատուցումը շատ հաճախ տեղի է ունենում հենց իրավապաշտպան, ոչ թե ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, ուստի՝ փաստաբանական ծառայությունների հարկման հարցում պետության քաղաքականությունը չի կարող խստացվել և նույնացվել բացառապես տնտեսական նշանակություն ունեցող ոլորտների հետ:
Քննարկման ժամանակ ներկայացվեցին Օրենքի բացասական հետևանքները.
- քաղաքացիների համար փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար և գները շեշտակիորեն թանկանալու են.
- վերանալու է անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու (pro bono) հնարավորությունը, քանի որ այն նույնպես ենթակա է լինելու հարկման.
- ավելանալու է Հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը, ինչն անհամեմատ կավելացնի պետության ֆինանսական պարտավորության բեռը.
- Էապես նվազելու է քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը և դատական պաշտպանության իրավունքի իրացումը
- և մի շարք այլ բացասական հետևանքներ:
Ներկա փաստաբանները կրկին անգամ հայտնել են իրենց դժգոհությունը և արձանագրել, որ թե գործադիր, թե օրենսդիր մարմիններն ուղղակիորեն անտեսել են հնչեցրած մտահոգությունները:
Ներկաները հերթական անգամ արձանագրել են Օրենքի նախագծի հեղինակ՝ ՀՀ ֆինանսաների նախարարության ոչ կառուցողական գործելակերպը: Նախ, ի սկզբանե, ի խախտումն ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջի, նախագիծը նախապես չի քննարկել ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ, իսկ հետագայում նախարարությունն ամբողջությամբ անտեսել է ՀՀ փաստաբանների պալատի դիտողությունները և առաջարկությունները:
Հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի 28.10.2024թ. հարցազրույցում, ինչպես նաև համացանցում առկա «Վահե Հովհաննիսյանը թաքցնում է իր հյուրատան և նախարարության միջև կատարված գործարքն ու իր ստացած եկամուտները» հրապարակման մեջ առկա տեղեկությունները, ներկա փաստաբանները պատրաստակամություն հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարի և նախարարության այլ պատասխանատուների կոռուպցիոն ռիսկեր պարունակող վարքագիծը ստուգելու և հանրությանը իրազեկելու գործընթաց նախաձեռնել:
Հաշվի առնելով վերոգրյալը, Ակումբի նիստում ներկա փաստաբանները որոշել են ստեղծել Ֆինանսների նախարարի և նախարարության պատասխանատու աշխատակիցների գործունեության ուսումնասիրության մշտադիտարկման հանձնախումբ: