Հետևեք մեզ։

ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում սպորտային ենթակառուցվածքների զարգացման, մարզիկների խրախուսման, առողջ ապրելակերպի խթանման ուղղություններով. Ժաննա Անդրեասյան

18:48, 31 հոկտեմբեր 2024
ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում սպորտային ենթակառուցվածքների զարգացման, մարզիկների խրախուսման, առողջ ապրելակերպի խթանման ուղղություններով. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին՝ քննարկելու Երևանում 2026 թվականին կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:
 
 
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Ռատներին այցի համար՝ նշելով, որ ՀՀ կառավարության համար հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացումը մեծ պատասխանատվություն է: Նախարարի խոսքով՝ Հայաստանը միջազգային մրցաշարեր անցկացնելու հաջողված փորձ ունի, և 2025 թվականին ևս մեր երկրում նախատեսվում են միջազգային 4 խոշոր մրցաշարեր:
 
 
«Մենք շատ ուրախ ենք այս առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորության համար և պատրաստակամ ենք այն բարձր մակարդակով կազմակերպելու գործում: Մեզ համար սա նաև համագործակցության, այս սպորտաձևը Հայաստանում զարգացնելու հնարավորություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
 
 
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում սպորտային ենթակառուցվածքների զարգացման, մարզիկների խրախուսման, առողջ ապրելակերպի խթանման ուղղություններով, և միջազգային համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքը ևս կնպաստի այս ուղղությամբ աշխատանքի բարելավմանը: