Հետևեք մեզ։

Շիմոն Պերեսի նախկին խորհրդականն Իսրայելին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դեսպանություն բացել Երևանում

21:36, 31 հոկտեմբեր 2024
Շիմոն Պերեսի նախկին խորհրդականն Իսրայելին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դեսպանություն բացել Երևանում

Միջազգային հարաբերություններում ճիշտ բան անելը հաճախ կարող է դժվար թվալ, հատկապես, երբ վտանգված են ռազմավարական շահերը, սակայն Իսրայելը հայտնվել է նման իրավիճակում, և դա ոչ մի առնչություն չունի պատերազմի հետ, որը ներկայում կլանում է մեր մտքերը։ Դրա մասին գրում է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի նախկին խորհրդական Նադավ Թամիրն իսրայելական Ynet կայքում հրապարակված իր հոդվածում՝ տեղեկացնում է 168.am-ը։

 

«Նման դեպք է Իսրայելի սերտ հարաբերությունները Հայաստանի վաղեմի մրցակցի՝ Ադրբեջանի հետ։ Ընդսմին, Երուսաղեմը պետք է հաղթահարի դա և հաղորդի արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականության խիստ անհրաժեշտ ուղերձը`և ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դեսպանություն բացի Երևանում:

 

Այո, Ադրբեջանը դժգոհ է մնալու: Բաքուն Իսրայելին մատակարարում է նավթի զգալի ծավալներ և առաջադեմ սպառազինություն է գնում, ինչը տարածաշրջանային սպառնալիքների, հատկապես Իրանի դեմ Իսրայելի պաշտպանական ռազմավարության անբաժանելի մասն է կազմում։ Բայց Ադրբեջանը կհասկանա, քանի որ Իսրայելի հետ հարաբերությունները երկկողմանի ճանապարհ են, որոնցից շահում է նաև Ադրբեջանը։

Իսրայելն ու Հայաստանն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան թվում է առաջին հայացքից: Երկու երկրներն էլ հիմնականում մահմեդական տարածաշրջանի ծայրամասում գտնվող ոչ մահմեդական քաղաքակրթություններ են: Երկուսն էլ հսկայական պատմական ողբերգություններ են կրել և գրեթե ամբողջական բնաջնջումներ են վերապրել՝ հայերը 1915 թվականի ցեղասպանության ժամանակ, իսկ հրեաները՝ Հոլոքոստի ժամանակ: Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ առումներով ընդհանուր պատմության բարոյական հաստատում կլինի, մեկ այլ ժողովրդի տառապանքների ճանաչում, որի հետ նա խոր հարազատություն է կիսում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։