Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում արցախցի Էրիկ Առստամյանը բավարարվեց բրոնզե մեդալով:
54 կգ քաշայինների կիսաեզրափակիչում 17-ամյա բռնցքամարտիկը մենամարտեց կուբացի Դրույեթ Յոջանդեր Ֆուենտեսի հետ եւ պարտվեց միավորներով՝ 2:3 հաշվով:
Առաջին ռաունդում մրցավարները առավելությունը տվեցին Հայաստանի ներկայացուցիչին։
Երկրորդ ռաունդում Էրիկ Առստամյանը պահպանեց առավելությունը: Այս անգամ էլ երեք մրցավար հաղթանակը տվեց Առստամյանին:
Երրորդ ռաունդում մրցակիցն ավելացրեց ճնշումը՝ հարվածները հասցնելով նպատակին: Մրցավարները միավորների առավելությունը տվեցին կուբացուն:
Քառորդ եզրափակիչում Էրիկ Առստամյանը 3:2 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Թաղի Նասիբովին:
Հայաստանի թիմից բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ Անդրանիկ Մարտիրոսյանը:
60 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Մարտիրոսյանը մենամարտեց Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Յանդիել Լոզանոյի հետ եւ պարտվեց 0:5 հաշվով:
Այսօր կիսաեզրափակիչի մենամարտ կանցկացնի նաեւ Ռաֆայել Ներսիսյանը (63,5):