Հետևեք մեզ։

ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութ

12:21, 01 նոյեմբեր 2024
ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութ

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Ս․Պ․-ն մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներմուծելու թմրամիջոց։

 

Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված տվյալները, հսկողություն են սահմանել Հայաստան ներմուծվող առաքանիների նկատմամբ: Պարզվել է  ներմուծվող սուրհանդակային առաքանու ՀՀ տարածք մուտք գործելու օրը և բեռնափոխադրող կազմակերպության անվանումը։

 

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություների, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել «Տրանս Շիփինգ» ՍՊԸ միջոցով ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Առաքանիում բացի անձնական օգտագործման իրերից հայտնաբերվել է պլաստմասե տարա, որը լցված է եղել  330 գրամ քաշով հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցին նմանվող սուր հոտով, դեղին զանգվածով:  

 

Որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

 

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանի Ավան Նարեկացի թաղամասի շենքերից մեկի մոտից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ Ս․Պ․-ն և Մ․Ա․-ն: Վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում քաղաքացիները ձերբակալվել են։

 

Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու նպատակով:  Համապատասխան որոշումների հիման վրա կատարվել են խուզարկություններ։

Վերլուծական