Հետևեք մեզ։

Մեր գործը ոչ միայն օրենքներ մշակելն է, այլև օրինակ ծառայելը, կրթելը. Հակոբ Արշակյան (տեսանյութ)

14:57, 01 նոյեմբեր 2024
Մեր գործը ոչ միայն օրենքներ մշակելն է, այլև օրինակ ծառայելը, կրթելը. Հակոբ Արշակյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 1-ին մասնակցել է «Կլիմայի փոփոխություն եւ էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովին:

 

Համաժողովին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագետներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Ընդգծելով, որ կլիմայական ճգնաժամը մեր ժամանակների ամենալուրջ մարտահրավերներից է եւ պահանջում է անհապաղ ու միասնական արձագանք՝ իր ողջույնի խոսքում ԱԺ փոխնախագահը նշել է.

 

«Կլիմայի փոփոխության հետեւանքները դրսեւորվում են տարբեր ձեւերով՝ ջերմաստիճանի բարձրացում, անկայուն եղանակային պայմաններ եւ բնական աղետների հաճախականության աճ:

 

Հայաստանում մենք զգացել ենք կլիմայի փոփոխության հետեւանքները՝ սկսած գյուղատնտեսության կառուցվածքի փոփոխություններից մինչեւ ջրամատակարարման եւ ջրահեռացման հետ կապված խնդիրներ: Կարեւոր է, որ մենք գնահատենք այս իրողությունները եւ վճռական գործողություններ ձեռնարկենք դրանց հետեւանքները վերացնելու համար:

 

Որպես խորհրդարանականներ՝ մենք կարեւոր դեր եւ պատասխանատվություն ենք ստանձնել այս հարցում: Մեր գործը ոչ միայն օրենքներ մշակելն է, այլեւ օրինակ ծառայելը, կրթելը եւ այնպիսի քաղաքականություն վարելը, որի առաջնահերթությունը կայունությունն ու դիմակայունության բարձրացումն է:

 

Մենք պետք է միասին աշխատենք Հայաստանի համար կայուն էներգետիկ ապագա կառուցելու համար, որը ոչ միայն կբավարարի մեր ներկայի կարիքները, այլեւ կկանխարգելի վաղվա մարտահրավերները:

 

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել մեր գործընկերներին այս նախաձեռնության համար, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, ինչպես նաեւ մեր միջազգային գործընկերներին, Շվեդիայի եւ Նորվեգիայի կառավարություններին: Անգնահատելի է մեր խորհրդարանի ներուժին աջակցելու ձեր հանձնառությունը:

 

Այսօրվա քննարկումների առանցքային թեմաներից մեկը կայուն զարգացմանն ուղղված հասանելի տնտեսական եւ ֆինանսական գործիքների կիրառումն է: Մենք պատկերացում կկազմենք «կանաչ ֆինանսավորման» տարբերակների եւ կայուն ներդրումային հնարավորությունների մասին, որոնք կարող են ներգրավել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներդրումները՝ մաքուր էներգիայի եւ կայուն ենթակառուցվածքների մեջ:

 

Համագործակցելով եւ օգտագործելով մեր հավաքական փորձը՝ մենք կարող ենք նպաստել կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացմանը եւ լավագույն պրակտիկայի ներդրմանը մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

 

Այսօրվա մեր ջանքերից է կախված այն ժառանգությունը, որը մենք թողնելու ենք գալիք սերունդներին: Մենք պարտավոր ենք ապահովել կայուն եւ բարեկեցիկ ապագա:

 

Շնորհակալ եմ այս կարեւոր գործին ձեր նվիրվածության համար եւ սպասում եմ նոր գաղափարների ու համագործակցության, որոնք ի հայտ կգան այս համաժողովի քննարկումների ընթացքում»:

 

Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքերով հանդես են եկել նաեւ Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն ու մեր երկրում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին: Նշվել է, որ Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումների ծրագրերը շարունակական են լինելու: Այս առումով ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությունը շրջակա միջավայրի քաղաքականությունների մշակման եւ իրականացման գործընթացում: Առանձնակի կարեւորվել է այն հանգամանքը, որ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը:

 

Քննարկումների ընթացքում բանախոսները տարբեր ձեւաչափերով անդրադարձել են կլիմայի օրակարգի ամրապնդման գործում խորհրդարանի դերին, էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցնելու անհրաժեշտությանը, դիտարկվել են Հայաստանում կլիմայի ռիսկերի փաստական ապացույցները, ընդգծվել դիմակայունության ամրապնդման կարեւորությունը:

 

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» եւ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրերի հետ համատեղ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ: