Հետևեք մեզ։

Մեկնարկում է ջրծաղիկի պատվաստումների ծրագիրը, առաջնահերթությունը կտրվի զորակոչիկներին. նախարար

15:34, 01 նոյեմբեր 2024
Մեկնարկում է ջրծաղիկի պատվաստումների ծրագիրը, առաջնահերթությունը կտրվի զորակոչիկներին. նախարար

Առողջապահության նախարարության գծով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի համեմատ:

 

ԱԺ-ից հաղորդում են, որ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 1-ին քննարկման ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 

2025 թվականի բյուջեի նախագծում Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար միջոցներ չեն նախատեսվել: Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով Ֆինանսների նախարարության դիրքորոշումը, նշել է, որ  Առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի ներդրման ձեւի եւ բովանդակության վերաբերյալ տարաձայնություններ չունեն:

 

«Միջնաժամկետ ծախսերի շրջանակում 2025 թվականին մենք արդեն նախատեսել էինք ապահովագրության առաջին փուլի մեկնարկը: Սակայն ֆիսկալ տարածքի սահմանափակ լինելու հետ կապված ապահովագրության հատվածը դուրս է եկել»,- պարզաբանել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ 2024 թվականի ընթացքում առողջության ապահովագրությանը վերաբերող օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքները շարունակվել են: Խորհրդարանն արդեն ստացել է օրենսդրական փաթեթը, որի վերաբերյալ առաջիկայում տեղի կունենան մի շարք քննարկումներ:

 

Անդրադառնալով 2025 թվականին իրականացվելիք ծրագրերին` նախարարը տեղեկացրել է, որ կատարվել է փոփոխություն «Իմունականխարգելման ազգային ծրագրում». այս տարի իրականացվել է ջրծաղիկի պատվաստանյութի գնման գործընթաց: Մեկնարկում է ջրծաղիկի պատվաստումների ծրագիրը, ըստ որի` առաջնահերթությունը կտրվի նախազորակոչային տարիքի անձանց, զորակոչիկներին:

 

Ըստ Անահիտ Ավանեսյանի` վեց ամիսների ամփոփված տվյալներով արձանագրվել է մանկական մահացության դեպքերի, չարորակ նորագոյացությունների եւ սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման նվազում: Նախարարությունը շարունակում է սքրինինգային ծրագրերի, առողջ ապրելակերպի քաղաքականության  իրականացման ընդլայնումը:

 

Անահիտ Ավանեսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ բյուջեի նախագծում տեղ գտած ֆինանսական հատկացումների, նախադպրոցական եւ դպրոցական ծրագրերում սպորտի պարտադիր ներդրման, մոր եւ մանկան առողջության ուղղությամբ 2025 թվականին իրականացվելիք ծրագրերի, հոգեկան առողջության բուժօգնության որակի ապահովման վերաբերյալ: Նա ընդգծել է, որ նախագծում տեղ գտած հիմնավորումները, ուղղությունները, ծախսային հոդվածները համապատասխանում են մեր երկրի առողջապահական առաջնահերթություններին: