Հետևեք մեզ։

Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

19:03, 01 նոյեմբեր 2024
Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը:
 
 
Անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին՝ Ներքին գործերի նախարարության ստեղծում, Պարեկային ծառայության ներդնում, Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացված ծրագրեր և այլն:
 
 
Նշվել է, որ նոր ռազմավարության պլանավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են նախորդ ռազմավարության ձեռքբերումների, քաղած դասերի, անկախ փորձագիտական գնահատման, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ֆոկուս խմբային քննարկումների և ձեռք բերած լայն կոնսենսուսի, ինչպես նաև երիտասարդների հետ քննարկումների արդյունքների հաշվառմամբ:
 
 
Նոր ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով նախատեսվում են բարելավել ՆԳՆ կողմից մատուցվող հանրային ծառայությունների որակը, ոստիկանության կառավարման սխեման հասցնել ավարտական տեսքի, ներդնել մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցում, իրականացնել ոստիկանության արտաքին նկարագրի, ենթակառուցվածքների, տեխնիկական հագեցվածության լավարկում և այլն:
 
 
Միաժամանակ, 2024-2026 թթ. նախատեսվում է գործարկել Քրեական ոստիկանությունը, Համայնքային ոստիկանությունը, Ոստիկանության գվարդիան նոր կառուցվածքով և գործառույթներով, ձևավորել հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն։
 
 
Հետևողական քայլեր են իրականացվելու կրթական միջավայրի բարելավման, ոստիկանության կադրերի պատրաստման, Պարեկային ծառայության զարգացման, ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորման, վատ վերաբերմունքի կանխարգելման և այլ ուղղություններով:
 
 
Միաժամանակ նշվել է, որ վերջին շրջանում անկախ կազմակերպությունների կողմից իրականացվել են սոցհարցումներ՝ պարզելու Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը: Մասնավորապես, ԵԱՀԿ կողմից 2024 թ․ անցկացված հարցման արդյունքներով Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կազմել է 72%, IRI-ի կողմից 2023 թ. անցկացված հարցումներով՝ 58%, իսկ 2024 թ․՝ 62%:
 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով հանրային վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ հետևողական ու շարունակական քայլերի անհրաժեշտությունը: