Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու CRS-United States Conference of Catholic Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հայտնում են ԱՍՀ նախարարությունից։
Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանում կիրառել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության դրական փորձը տեղայնացնելով սոցիալական բնակարանային ապահովման հաջողված կայուն և ինքնաբավ մոդելը։
Հուշագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել «Սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որը համատեղ կազմակերպել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, CRS-ի Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցչությունը և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն։
Կլոր սեղան-քննարկմանը ներկա են եղել նաև օրենսդիր և գործադիր մարմինների, միջազգային կառույցների, տեղական ՀԿ-ների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Կլոր սեղանի ընթացքում քննարկվել են ՀՀ սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման ուղղությամբ ՀՀ տեսլականը, շահագրգիռ կողմերի միջև համագործակցության հնարավորությունները․ ընդգծվել է նաև սոցիալական բնակարանային այլ մոդելներով և ծառայություններով զբաղվող կազմակերպությունների ու մարմինների ներգրավման կարևորությունը։
ՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրել է սոցիալական բնակարանային քաղաքականության ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու նախատեսվող աշխատանքները։
«Վերջին տարիներին նախարարության կողմից իրականացվում են քայլեր ՀՀ-ում սոցիալական բնակարանների հասանելիության ապահովման ու ոլորտի բարելավման ուղղությամբ՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև տեղացի խոցելի ընտանիքների կարիքները: Լիահույս եմ, որ Բոսնիա և Հերցեգովինայում գործող CRS-ի տեխնիկական աջակցությամբ, ինչպես նաև մեր տեղական և միջազգային գործընկերների ջանքերի համատեղմամբ՝ կունենանք շոշափելի արդյունքներ»,- նշել է Աննա Ժամակոչյանը։