Հայաստանի ազգային հավաքականի FAF շարժման անդամները բողոքի ակցիաները շարունակել են ՀՊԼ 14-րդ տուրի «Նոա»-«Ուրարտու» խաղի ընթացքում. 12-րդ րոպեին երկրպագուները ներխուժել են խաղադաշտ, բացականչել «Հեռացի՛ր, հեռացի՛ր»՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:
3-4 րոպե երկրպագուները շարունակել են վանկարկումներն ու նաև ճայթրուկներ վառել, ինչի արդյունքում ֆուտբոլիստները շնչառության հետ կապված խնդիրներ են ունեցել:
Ավելի վաղ, FAF-ը հայտնել էր, որ ՀՊԼ 14-րդ տուրի «Վեստ Արմենիա» — «Ալաշկերտ» և «Շիրակ» — «Գանձասար» խաղերի ընթացքում իրականացված բողոքի ակցիաներով մեկնարկել են ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջին ուղղված հերթական գործողությունները «Քո ժամանակը եկել է» և «Ֆուտբոլի խնդիրը բոլորինս է» խորագրերի ներքո։
«Մեր գործողությունները նպատակ ունեն ի ցույց դնել, այն փաստը որ ֆուտբոլում առկա խնդիրները միայն երկրպագուներինը չեն և ակումբները նույնպես պետք է իրենց լուման ունենան հայկական ֆուտբոլի առողջացման գործում, իսկ ՀՖՖ ղեկավարության որդեգրած քաղաքականությունը իբրև ոչինչ չի եղել և ամեն բան ընթանում է բնականոն հունով խաբկանք է»,- ասվում էր ՖԱՖ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Երկրպագուները հայտնել են, որ իրենց գործողությունները լինելու են բազմակողմանի և շարունակական, մինչև վերջնական նպատակի իրագործումը ՀՖՖ ղեկավարության հրաժարակը։