Գյումրու ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը ՀՀ քննչական կոմիտեին առաջարկում է վերանայել Գյումրու համայնքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանի՝ պաշտոնի կասեցման որոշումը և խափանման միջոց տնային կալանքը փոխարինել ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսում Հակոբյանը նշել է, որ սա միակ ելքը կլինի ստեղծված իրավիճակից դուրս գալու, քանի որ այս պահին Գյումրին չունի ո՛չ քաղաքապետ, ո՛չ համայնքապետի տեղակալ, և համայնքապետարանում փաստաթղթաշրջանառությունը փաստացի դադարեցված է։ Հրաժարական են ներկայացրել նաև հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, այդ թվում՝ ֆինանսական գծով խորհրդականները։
«Ես դիմում եմ Քննչական կոմիտեին և քննիչին, եթե հնարավոր է իրավական այս տիրույթում, հաշվի առնելով համայնքի գերակա շահը, այսքան բնակիչների շահը, ուղղակի անհապաղ փոխել որոշումը, որպեսզի Ջանոյանը վերադառնա աշխատանքի: Սա միակ տարբերակն է քաղաքի խնդիրների լուծման»,- նշեց ավագանու անդամը՝ հույս հայտնելով, որ Սուրեն Ջանոյանի խափանման միջոցը փոխելու դեպքում վերջինս կշարունակի պաշտոնավարել՝ որպես համայնքապետի տեղակալ, և քաղաքի, համայնքապետարանի խնդիրները կկարողանան գոնե ժամանակավոր լուծել։
«Գյումրիում արդեն ճգնաժամ չէ, այլ ժամ առ ժամ գնում է կոլապսի, ճիշտ է, կոմունալն աշխատում է, տրանսպորտը կա, բայց կառավարումը չկա, չունենք փաստաթուղթ ստորագրող ու վերահսկելիություն»,- նշեց Վարդևան Հակոբյանը։
Գյումրու համայնքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանն օրեր առաջ ձերբակալվել էր ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող նրան, ինչպես նաև նրա մերձավոր հարազատին վերաբերող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։ Ժամեր անց նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանքը՝ որպես խափանման միջոց։ Քրեական գործն առնչվում է «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի՝ պետական սեփականություն հանդիսացող, սեփականաշնորհման ոչ ենթակա հարակից հողերը օտարելուն։
Օրեր առաջ ավագանու մանդատից հրաժարվելու մասին հայտարարել են «Բալասանյան դաշինք» խմբակցության ավագանու 14 անդամները, այդ թվում՝ համայնքապետ Վարդգես Սամսոնյանն ու համայնքապետի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, իսկ Սուրեն Ջանոյանը տնային կալանքի տակ է։