Հոկտեմբերի 31-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։
Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած հուշակոթողը, որի պատվանդանին հայերեն ու ֆրանսերեն լեզուներով արձանագրվել է, որ այն ձոնված է Հայաստանի ու Ֆրանսիայի բարեկամությանը։
Արվեստի բոլոր ստեղծագործությունները նվիրվել են Ժնևի ՄԱԿ գրասենյակին՝ մնայուն ցուցադրության համար։
Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ժիլբեր-Լուկ Դեվինան, Ֆրանսիայի Մշտական ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնը, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան և արվեստագետ Ժան Պողոսյանը։
Ելույթներից հետո տեղի ունեցավ Ժնևում Հայաստանի մշտական ներկայացուցչության կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված ընդունելություն։
Միջոցառմանը ներկա էին Ժնևում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ, դիվանագետներ, շվեյցարահայ համայնքի անդամներ, հասարակական գործիչներ, մշակույթի և գիտության ոլորտի ներկայացուցիչներ։