«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ընտրություններում հաղթած ուժին քրեական հետապնդումներով հրաժարականներ պարտադրելուց հետո ՔՊ-ն շարունակում է իշխանության ուզուրպացիան: Հիմա փորձում են իրենց կողմը քաշել ավագանու անդամներին, որ քվորում ապահովեն եւ նիստ գումարեն: Փաշինյանն ուզում է Վանաձորի սցենարը կրկնել այստեղ` քաղաքապետի ԺՊ նշանակել պատգամավոր Կարեն Սարուխանյանին կամ որեւէ այլ անձի: Նպատակն այն է, որ ՏԻՄ արտահերթ ընտրությունների հնարավորինս ուշ գնան:
Այս պահին բացառված է, որ ՔՊ-ն հաղթի Գյումրիում, ուզում են, որ ՔՊ-ական քաղաքապետը մի քիչ աշխատի, որ բյուջեի հաշվին որոշ խնդիրներ լուծի, եւ գալիք ընտրություններին իրենց ձայն տվողների քանակն ավելանա։ Սակայն ՏԻՄ օրենքն ասում է նաեւ, որ ԺՊ նշանակելուց հետո 14 օրվա ընթացքում ավագանու նիստ պետք է հրավիրվի, հակառակ դեպքում ավագանին կլուծարվի, եւ արտահերթ ընտրություններ կնշանակվեն:
Գյումրու ավագանու 33 անդամից 14-ը «Բալասանյան դաշինքից» էին, հիմա, փաստացի, ավագանին ունի 19 անդամ, որոնցից 11-ը ՔՊ-ն է, 2-ական մանդատ ունեն «Ապրելու երկիրն» ու ՀՀԿ-ն, 4 անդամ` «Զարթոնք» կուսակցությունը։ Ավագանու նիստի համար պետք է քվորում ապահովվի` 17 անդամ ներկա լինի։
Ըստ տեղեկությունների՝ առայժմ չի հաջողվում մարդաորսը: Եթե այսպես շարունակվի, ըստ ամենայնի, Գյումրիում 3 ամիս անց արտահերթ ընտրություն կնշանակեն, քանի որ ՏԻՄ օրենքը սահմանում է՝ եթե ավագանին 3 անգամ անընդմեջ նիստեր չի գումարում, կառավարությունը լուծարման որոշում է կայացնում, օրենքով պարտադիր է ամիսը մեկ անգամ նիստ հրավիրելը։
Եթե նիստեր չգումարելու հիմքով ավագանին լուծարվի, ապա արտահերթը մոտավոր հաշվարկով կընկնի մարտի կեսերին։ Ի դեպ, կարող են նաեւ նիստ գումարել, քաղաքապետի ընտրություն անել ավագանու կազմից, բայց դա քիչ հավանական է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում