Իսրայելի հետախուզական ծառայությունները ձերբակալել են մի քանի կասկածյալների՝ կապված վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից գաղտնի հետախուզական տեղեկատվության արտահոսքի հետ։ Այս մասին հայտնել է «The Times of Israel» թերթը։
Հրատարակության տվյալներով՝ համատեղ գործողությունն իրականացնում են ոստիկանությունը, բանակը և Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայությունը։
Կասկածյալները բերման են ենթարկվել և տարվել հետաքննության։ Պաշտոնյաները կարծում են, որ արտահոսքը կարող էր խանգարել Իսրայելին հասնել իր ռազմական նպատակներին:
«Axios» պորտալը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնում է, որ մի քանի կասկածյալներից մեկը Նեթանյահուի օգնականն է։
Նշվում է, որ Իսրայելի վարչապետն ինքը հայտարարել է, որ իր գրասենյակից ոչ ոք չի հարցաքննվել կամ կալանավորվել։