Հետևեք մեզ։

Հովհաննես Ավետիսյանի կարևոր ուղերձը ոստիկանությանը, ԱՄՆ դեսպանին և պայքարող երիտասարդներին (տեսանյութ)

12:52, 02 նոյեմբեր 2024
 
 
 

 Հովհաննես Ավետիսյանի կարևոր ուղերձը ոստիկանությանը, ԱՄՆ դեսպանին և պայքարող երիտասարդներին․

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում աշխատում են իմ քույրերն ու եղբայրները, սրա և՛ ուղիղ, և՛ փոխաբերական, և՛ քաղաքական, իսկ որոշների հետ՝ նաև արյունակցական կապ ունենալու իմաստով: Հետևաբար, և ոչ մի պարագայում Հայաստանի ոստիկանությունը չի հանդիսանում իմ կողմից ծավալած գործողությունների, այդ թվում՝ այս ուղերձի թիրախը, և առավել ևս՝ իմ կողմից չի դիտարկվում և երբևէ չի կարող դիտարկվել այս քաղաքական կոնֆլիկտի դերակատար թիրախային կողմ:

Այս գիտակցությամբ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ոստիկանությունը գտնվում է Հայաստանի ժողովրդին խաբած և ժողովրդավարության անվան տակ իշխանությունն ուզուրպացրած անձանց ձեռքում` պատանդի կարգավիճակում: Իշխանություն, որ ոստիկանական համակարգն օգտագործում է ոչ թե՝ անվտանգ միջավայր և ապահով հանրություն ստեղծելու, ոչ թե՝ Հայաստանի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, ոչ թե՝ Հայաստանի քաղաքացու կյանքը և սեփականության իրավունքները պաշտպանելու, այլ սեփական իշխանությունը` ի վնաս հայ ժողովրդի շարունակական դարձնելու և Հայաստանում դիկտատուրային ռեժիմ հաստատելու նպատակներով:

Սա են վկայում նաև Հայաստանի գիտակից և ակտիվ քաղաքացիների նկատմամբ հատկապես վերջին օրերին ոստիկանության կողմից ծավալած գործողությունները, մասնավորապես՝ ընդամենը մի քանի օրվա մեջ ինն անձի, այդ թվում՝ ինձ, ապօրինի զենք ունենալու հորինած կասկածով ձերբակալելու հանգամանքը: Այս ինն անձանցից և ոչ մեկի մոտ ապօրինի զենք և կամ զինամթերք չի հայտնաբերվել, այդ թվում՝ ընդհուպ մինչև բնակարանում իրականացված խուզարկությամբ: Այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական պատվեր՝ իջեցված օրվա իշխանության կողմից` ճնշելու, վախեցնելու և, ինչո՞ւ չէ, տեռորի ենթարկելու այն բոլոր գիտակից քաղաքացիներին, որոնք համաձայն չեն այս իշխանության վարած ներքին և հատկապես արտաքին կործանարար քաղաքականության հետ:

Ես չեմ հավատում, որ Հայաստանի ոստիկանությունն այնքան վատ է աշխատում, որ այս ինը քաղաքաղացիների դեպքում մի քանի օրվա մեջ ունեցել է օպերատիվ տվյալ և/կամ անմիջականորեն կամ այլ կերպ առաջացած կասկած ապօրինի զենք ունենալու իմաստով, սակայն և ոչ մեկիս պարագայում այս կասկածը չի հիմնավորվել: «Տարօրինակ» պատահականությամբ, այս բոլոր ինը քաղաքացիներն ունեն ընդդիմադիր քաղաքական հայացքներ և միաժամանակ ակտիվ են իրենց ձայնը բարձրացնելու և օրվա իշխանությանը հակադրվելու գործում և գործողություններում: Հետևաբար, կրկին ասում եմ՝ Ոստիկանության վերոնշյալ գործողությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական պատվեր` ճնշելու և լռեցնելու Հայաստանի գիտակից քաղաքացիներին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտարարում եմ, որ իմ և ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր օրինապաշտ քաղաքացիների նկատմամբ ծավալված այսօրինակ անհամաչափ և անհիմն գործողություններն ունեն քաղաքական համատեքստ: Հայտարարում եմ, որ իմ անձի նկատմամբ ոստիկանության կողմից այսուհետ իրականացված ցանկացած տեսակի գործողություն ես դիտարկելու եմ իմ քաղաքական հետապնդման համատեքստում` որպես բռնաճնշման հերթական արար, և սրա մասին բարձրաձայնելու եմ և լինելու եմ հետևողական իմ և մյուս քաղաքացիների քաղաքական և մնացյալ իրավունքների պաշտպանության հարցում:

Միաժամանակ, խնդրում և հորդորում եմ Ոստիկանության պետին և բոլոր պաշտոնատար անձանց՝ չկատարել ապօրինի հրամաններ, զերծ մնալ քաղաքական շահեր սպասարկելու և բռնաճնշումներ իրականացնելու գործիք լինելուց: Հիշեցնում եմ, որ այս և որևէ հաջորդ իշխանություն ժամանակավոր է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, այլ ոչ որևէ պաշտոն, որ ցանկացած ապօրինի գործողություն արձանագրվում է մեր կողմից և հաջորդիվ ունենալու է իրավական հետևանքներ` ապօրինություններ իրականացրած բոլոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու և դատարանի առջև կանգնեցնելու տեսքով:
Հաշվի առնելով, որ Հայաստանի ոստիկանական համակարգում, նաև արդարադատության համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում ԱՄՆ կառավարությունն ունի նշանակալի և ազդեցիկ դերակատարում, այս ուղերձիս հաջորդ մասն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Քվինին:

Մեծարգո դեսպան, ես Հովհաննես Ավետիսյանն եմ, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որ ձեր կառավարության ֆինանսավորմամբ 2012 թվականին մեկնել է ԱՄՆ կրթություն ստանալու Զեորջիայի պետական համալսարանում, այն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը ԱՄՆ երեք բուհական հաստատություններում ստացել է բարձրագույն կրթություն` դիվանագիտության, հանրային քաղաքականության և հանրային կառավարման մասնագիտություններով, և այն քաղաքացին, որը գիտակցաբար ընտրել և անցնում է իրական պետական գործիչ դառնալու և լինելու քարքարոտ և պատասխանատու ճանապարհը, որի գլխավոր երազանքն այս իմաստով ապահով, ժողովրդավար և բարեկեցիկ Հայաստան ունենալն է: Ես այս ճանապարհին կանգնած այն քաղաքացին եմ, որին ապօրինի ձերբակալում է այն ոստիկանությունը, որը ներկայում ստանում է ԱՄՆ կառավարության տեխնիկական, ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցությունը:

Ձեր ջանքերն իրապես գնահատելի են Հայաստանում արդարադատության համակարգը բարեփոխելու, Հայաստանի ոստիկանական համակարգը զարգացնելու և վերափոխելու գործում: Ցավում եմ, որ ստիպված եմ Ձեզ ասել հետևյալը. ԱՄՆ կառավարության ջանքերը և աջակցությունն ակնհայտորեն փոշիացվում են, քանի որ օրվա իշխանության կողմից դրանք չեն ծառայեցվում Հայաստանում ժողովրդավարական համակարգ հաստատելու, արդարադատության իրապես արդար համակարգ ունենալու և ունենալու ոստիկանություն, որ առաջնորդվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքներով:

Սա են վկայում ոչ միայն նշանակալի տեմպով աճող հանցագործությունների թիվը, արդարադատության համակարգի, մեղմ ասած, անարդյունավետ գործունեությունը, այլ նաև այն և հատկապես այս հանգամանքը, որ ներկայի իշխանությունը Ձեր կառավարության աջակցությունն օգտագործում է Հայաստանում ռեպրեսիվ համակարգ ստեղծելու գործում, օրվա կառավարության ղեկավարը Ձեր աջակցությունն օգտագործում է խելացի և թիրախային քաղաքական բռնաճնշումներ կիրառելու գործում, օրվա իշխանությունը Ձեր աջակցությունն օգտագործում է ընտրանքային արդարադատություն կիրառելու, իսկ ավելի ճիշտ և ընդհանուր առմամբ՝ Ձեր կողմից տրամադրվող աջակցությունն օգտագործում է ավտորիտար մեթոդներով կառավարվող համակարգ ստեղծելու գործում:

Վերջին շրջանում Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ իմ նկատմամբ, ոստիկանական և արդարադատության համակարգի կողմից իրականացվող գործողությունները, Հայաստանում տասնյակ քաղաքական շարժառիթներով ձերբակալություններն ու բանտարկյալներն ասվածիս վառ ապացույցն են:

Մեծարգո տիկին դեսպան, կարծում եմ՝ Դուք հասկանում եք, որ Ձեր կողմից տրամադրվող աջակցությունն այս իշխանության կողմից վերոնշյալ եղանակներով և, մասնավորապես, քաղաքական ռեպրեսիաների գործում օգտագործելու շարունակականությունն ունենալու է ծանր հետևանքներ: Իսկ այս հետևանքներից ամենածանրը լինելու է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների խաթարումը: Հետևաբար՝ հորդորում եմ կասկածի տակ առնել Ձեր կառավարության կողմից այս իշխանությանը տրամադրվող աջակցության արդյունավետությունն ու նպատակայնությունը: Հորդորում եմ վերանայել Ձեր աջակցության շրջանակը, և հորդորում եմ թույլ չտալ, որ Ձեր կառավարության աջակցությունը կիրառվի Հայաստանում ավտորիտար համակարգ ստեղծելու և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ կիրառելու գործում:

Ուղերձ Հայաստանի երիտասարդներին

Կարդում եմ մեջբերում 2018 թվականի ապրիլի 21-ին «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների կողմից հրապարակված բաց նամակից, որն ուղղված էր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Ինչպես գիտեք, մեր երկրում կրկին անհանգստության և խռովությունների ալիք է բարձրացել, քանի որ մեր համաքաղաքացիների մի ստվար զանգված, ներառյալ՝ փողոց դուրս եկած երիտասարդները, կարծում են, որ իրենց հետ անարդար են վարվել, և մեր ու մեր երկրի ապագան վտանգված է»:

Սրանք իմ խոսքերն են: Ցավոք, այս խոսքերն առավել, քան արդիական են հենց հիմա, այս օրերին: Հիմա, երբ Արցախն օկուպացվել է և հայաթափվել է Ադրբեջանի կողմից, երբ այս օկուպացիայի գլխավոր պատասխանատուները շարունակում են Հայաստանում որոշումներ կայացնել և դրա հետանքով Ադրբեջանին են հանձնում նորանոր տարածքներ, վերոնշյալ նամակում նշված վտանգներն արդեն իսկ ակտիվ փուլում են գտնվում: Այս վտանգներն այնքան սուր և կենսական են, որ առանց չափազանցության հայկական պետության գոյությունը կասկածի տակ է: Ապրում ենք ամոթի և համատարած անպատասխանատվության մի շրջան, որը հաջորդիվ Հայաստանի ժամանակակից պատմության մեջ կդաջվի՝ որպես Մեծ ամոթի շրջան:

Սրանով հանդերձ, ինքս չեմ հուսալքվում և չեմ հանձնվում և, առավել ևս, չեմ համակերպվում: Չեմ համակերպվում, քանի որ ես գիտեմ, թե ինչ է համախմբման ուժը, ես գիտեմ, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, և ես նաև գիտեմ, որ համախմբման պարագայում մենք դառնալու ենք այնքան զորեղ, որ կարողանալու ենք կանգնեցնել մեր պետությունն ավերող այս իշխանությանը և կարողանալու ենք Հայաստանում ունենալ հայկական պետականության և հայ ժողովրդի շահերը սպասարկող իշխանություն:
Այս հարցում թերևս ամենակարևոր դերակատարումը երիտասարդներինն է: Երիտասարդներն են, որ կարողանալու են դառնալ համախմբման առանցքը, և նրանցն է այս գործում կարևոր դերակատարումը` դառնալու ոչ բռնի պայքարի մարտիկներ:

 

Հովհաննեսը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, հանրային կառավարման մագիստրոս։ Նաև սովորել է Թաֆթսի և Ջորջիայի համալսարաններում։ Հենց նա էր թարգմանել Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողում»գիրքը։ Աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես Երկկողմ ֆինանսական և տեխնիկական համագործակցության բաժնի ղեկավար, ինչպես նաև` ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում որպես ներդրումային քաղաքականության վարչության պետ։ Եղել է Միավորված ազգերի կազմակերպության Ֆինանսական կառավարման և ծախսերի հաշվառման ազգային փորձագետ, Եվրոպական միության պատվիրակության ավագ փորձագետ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ նախագծերի համակարգմանը» ծրագիր Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ) Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ։