Հովհաննես Ավետիսյանի ուղերձն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին․
«Մեծարգո դեսպան, ես Հովհաննես Ավետիսյանն եմ, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որ ձեր կառավարության ֆինանսավորմամբ 2012 թվականին մեկնել է ԱՄՆ կրթություն ստանալու Զեորջիայի պետական համալսարանում, այն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը ԱՄՆ երեք բուհական հաստատություններում ստացել է բարձրագույն կրթություն` դիվանագիտության, հանրային քաղաքականության և հանրային կառավարման մասնագիտություններով, և այն քաղաքացին, որը գիտակցաբար ընտրել և անցնում է իրական պետական գործիչ դառնալու և լինելու քարքարոտ և պատասխանատու ճանապարհը, որի գլխավոր երազանքն այս իմաստով ապահով, ժողովրդավար և բարեկեցիկ Հայաստան ունենալն է: Ես այս ճանապարհին կանգնած այն քաղաքացին եմ, որին ապօրինի ձերբակալում է այն ոստիկանությունը, որը ներկայում ստանում է ԱՄՆ կառավարության տեխնիկական, ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցությունը:
Ձեր ջանքերն իրապես գնահատելի են Հայաստանում արդարադատության համակարգը բարեփոխելու, Հայաստանի ոստիկանական համակարգը զարգացնելու և վերափոխելու գործում: Ցավում եմ, որ ստիպված եմ Ձեզ ասել հետևյալը. ԱՄՆ կառավարության ջանքերը և աջակցությունն ակնհայտորեն փոշիացվում են, քանի որ օրվա իշխանության կողմից դրանք չեն ծառայեցվում Հայաստանում ժողովրդավարական համակարգ հաստատելու, արդարադատության իրապես արդար համակարգ ունենալու և ունենալու ոստիկանություն, որ առաջնորդվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքներով:
Սա են վկայում ոչ միայն նշանակալի տեմպով աճող հանցագործությունների թիվը, արդարադատության համակարգի, մեղմ ասած, անարդյունավետ գործունեությունը, այլ նաև այն և հատկապես այս հանգամանքը, որ ներկայի իշխանությունը Ձեր կառավարության աջակցությունն օգտագործում է Հայաստանում ռեպրեսիվ համակարգ ստեղծելու գործում, օրվա կառավարության ղեկավարը Ձեր աջակցությունն օգտագործում է խելացի և թիրախային քաղաքական բռնաճնշումներ կիրառելու գործում, օրվա իշխանությունը Ձեր աջակցությունն օգտագործում է ընտրանքային արդարադատություն կիրառելու, իսկ ավելի ճիշտ և ընդհանուր առմամբ՝ Ձեր կողմից տրամադրվող աջակցությունն օգտագործում է ավտորիտար մեթոդներով կառավարվող համակարգ ստեղծելու գործում:
Վերջին շրջանում Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ իմ նկատմամբ, ոստիկանական և արդարադատության համակարգի կողմից իրականացվող գործողությունները, Հայաստանում տասնյակ քաղաքական շարժառիթներով ձերբակալություններն ու բանտարկյալներն ասվածիս վառ ապացույցն են:
Մեծարգո տիկին դեսպան, կարծում եմ՝ Դուք հասկանում եք, որ Ձեր կողմից տրամադրվող աջակցությունն այս իշխանության կողմից վերոնշյալ եղանակներով և, մասնավորապես, քաղաքական ռեպրեսիաների գործում օգտագործելու շարունակականությունն ունենալու է ծանր հետևանքներ: Իսկ այս հետևանքներից ամենածանրը լինելու է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների խաթարումը: Հետևաբար՝ հորդորում եմ կասկածի տակ առնել Ձեր կառավարության կողմից այս իշխանությանը տրամադրվող աջակցության արդյունավետությունն ու նպատակայնությունը: Հորդորում եմ վերանայել Ձեր աջակցության շրջանակը, և հորդորում եմ թույլ չտալ, որ Ձեր կառավարության աջակցությունը կիրառվի Հայաստանում ավտորիտար համակարգ ստեղծելու և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ կիրառելու գործում»: