Հետևեք մեզ։

«Հնարավոր չի եղել համաձայնեցնել ձևակերպումներ, որոնցով կնշվի, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»․ Փաշինյանը թվարկել է պայմանագրի կնքման խոչընդոտները

22:18, 04 մայիս 2023
«Հնարավոր չի եղել համաձայնեցնել ձևակերպումներ, որոնցով կնշվի, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»․ Փաշինյանը թվարկել է պայմանագրի կնքման խոչընդոտները

Մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Չեխիայում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ այս պահին նման համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները հետևյալն են. մինչ օրս անհնար է եղել համաձայնության գալ այնպիսի խոսույթի շուրջ, որը հստակ կհայտարարի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքով։

Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման մեխանիզմը դեռևս անորոշ է։ Նույնը կարելի է ասել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափի մասին, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմի շրջանակներում։

Մինչ այժմ անհնար է եղել համաձայնության գալ խաղաղ համաձայնագրի տեքստի ընթերցման հարցում տարաձայնությունները հաղթահարելու մեխանիզմների շուրջ։

Եվ վերջապես, չկա խաղաղության համաձայնագրի կիրարկման համար միջազգային մեխանիզմների վերաբերյալ համաձայնություն», - հայտարարել է Փաշինյանը։

Նա նշել է, որ,  այնուամենայնիվ, շարունակում են  ջանքերն այս ուղղություններով հաջողություն գրանցելու ուղղությամբ։

«Արդեն չորս օր է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները, ԱՄՆ աջակցությամբ, Վաշինգտոնում բանակցում են այս բոլոր հարցերի լուծման համար», - ասել է Փաշինյանն ու ավելացրել. «2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Հայաստան-ԵՄ հարաբերություններում կարևոր զարգացում է տեղի ունեցել։ Որոշվել է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղակայել ԵՄ կարճաժամկետ դիտորդական առաքելություն, որը հետագայում վերաճել է Հայաստանում երկարաժամկետ առաքելություն տեղակայելու որոշման, ինչն սկսեց գործել փետրվարին»։