Պետությունը մի քանի աղբյուրից հաշվարկված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների գծով շուրջ 747 մլն դրամ է վերադարձրել ֆիզիկական անձանց:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:
Անդրադառնալով 2024 թվականի ապրիլից գործարկված՝ մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների՝ ֆիզիկականց անձանց վերդարձման գործընթացին, ՊԵԿ նախագահը նշեց․«Դրա արդյունքում 23 հազար 681 քաղաքացու վերադարձվել է շուրջ 747 մլն դրամ գումար: Քանի որ երկու կամ ավելի գործատու է եղել, նույն սոցիալական վճարը պահել են մի քանի գործատուներ, և 747 մլն–ով ավելի շատ էին վճարել: Մենք մեկ էլեկտրոնային համակարգի ներդրմամբ, ամբողջությամբ ինքնաշխատ ավտոմատ համակարգով այդ գումարը վերադարձրել ենք մեր քաղաքացիներին»:
Սոցիալական վճարների վերադարձից կարող են օգտվել մի քանի գործատուի մոտ որպես վարձու աշխատող ֆիզիկական անձինք, որի արդյունքում նրանց համար հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը: Սոցիալական վճարի գումարները վերադարձվում են, եթե մի քանի աղբյուրից ստացված ընդհանուր եկամուտը գերազանցում է ամսական 1 մլն 125 հազար դրամը կամ տարեկան 13 մլն 500 հազար դրամը: