Հուսով եմ, որ մինչև հունվարի 1-ը մենք գրեթե հարյուր տոկոսանոց անկանխիկ վճարելուն կմոտենանք։ Տեղեկացնեմ նաև, որ ակտիվ քննարկում ենք ունեցել ԿԲ-ի հետ, շատ շուտով պետք է լուծվի բանկային քարտով վճարումների խնդիրը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով միասնական տոմսային համակարգին անցնելու մասին։
«Տարբերակները, որոնք միասնական տոմսային համակարգը թույլ է տալու վճարում իրականացնել, բազմազան է լինելու։ Մենք շուտով ավագանու նիստում անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, որոնք ունենալու են հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ»,- ասաց Ավինյանը և հավելեց՝ զեղչը կիրառվելու է այն անձանց համար, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը։
Ավինյանը ընդգծեց, որ ստեղծելու են հանրային տրանսպորտից օգտվելու համար վճարի այլընտրանքային մեթոդներ․
«Հընթացս նոր վճարման մեթոդներ են առաջանալու: Պարբերաբար կքննարկենք, միգուցե մեր քաղաքականության մեջ փոփոխություններ անենք»,- ասաց քաղաքապետը։