Հայաստանում նախատեսում են Համաշխարհային բանկից ներգրաված վարկային միջոցներով կառուցել 10 զբոսաշրջային կլաստեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:
Նախարարն ասաց, որ զբոսաշրջության ռազմավարությունն այս պահի դրությամբ դեռևս չի հաստատվել, սակայն ակտիվ քննարկումների փուլում է:
«Համաշխարհային բանկի հետ մենք մեծ հնգամյա վարկային պայմանավորվածության շրջանակում ենք: Դրա շրջանակում նախատեսվում է 100 մլն դոլար վարկային միջոցներ վերցնել և տարածել ՀՀ մարզերում 10 զբոսաշրջային կլաստերների վրա՝ Գորիսում, Եղեգիսում, Արենիում, Ջերմուկում, Ապարանում, Գյումրիում, Սևանում և այլուր»,-ասաց Պապոյանը:
Նախարարը նշեց, որ 2 տարի առաջ Շիրակի մարզում Մարմաշեն վանական համալիր հնարավոր չէր մեքենայով հասնել, հիմա դեպի վանական համալիր տանող ճանապարհը ասֆալտապատել են, վանական համալիրի շրջակայքում ստեղծել են ավելի քան 1 կմ ճեմուղի, առանձնացված վայրեր, որտեղ մանր բիզնեսը կարող է գործունեություն ծավալել:
«Սա դարձել է նաև ընտանիքով այցելելու գեղեցիկ միջավայր: Փորձում ենք մեր պատմամշակութային ժառանգությունը համեմել բնության հետ»,-ասաց նա: