Հետևեք մեզ։

Հանրակրթության նոր չափորոշչով մեդիագրագիտությունը սահմանված է առանցքային կարողունակություն․ մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը

16:30, 04 նոյեմբեր 2024
Հանրակրթության նոր չափորոշչով մեդիագրագիտությունը սահմանված է   առանցքային կարողունակություն․ մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 4-10-ն արդեն 7-րդ անգամ անցկացնում է մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտությունն արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։

Մեդիագրագիտության շաբաթի մեկնարկային միջոցառմանն այսօր մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ‐ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Կորինա Չեպոյը, գործընկեր կառույցների այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը միջոցառման անցկացումը կարևորել է ամբողջ տարվա ընթացքում իրականացվող աշխատանքներն ավելի տեսանելի ու թիրախային դարձնելու առումով, որը պետք է նպաստի իրազեկվածության բարձրացմանն ու ավելի լավ արդյունքների գրանցմանը:

Ժաննա Անդրեասյանն ուրախությամբ փաստել է, որ տարիներ շարունակ ԿԳՄՍ նախարարությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և գործընկեր մյուս կառույցների հետ աշխատում է նույն օրակարգի շուրջ:

«Բազմիցս ենք խոսել այն մասին, որ ժամանակակից աշխարհում ամենակարևոր հմտություններից մեկը մեդիագրագիտությունն է, և կրթության ոլորտի փոփոխությունների հիմքում, ըստ էության, ընկած է այս կարևոր անհրաժեշտության գիտակցումը: Բոլորովին պատահական չէ, որ հանրակրթության նոր չափորոշչով մեդիակարողունակությունը և մեդիագրագիտությունը սահմանվում են որպես առանցքային կոմպետենցիա երեխաների համար։ Այս պահանջը ամրագրված է նաև նախադպրոցական կրթության համակարգում: Մեդիագրագիտության թեման ներառված է կրթական ծրագրերում, տարբեր նախագծերում ու նախաձեռնություններում, որոնց մեծ մասը նաև համատեղ են»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել որակյալ գործընկերության համար:

ԿԳՄՍ նախարարը ևս մեկ կարևոր հանգամանք է ընդգծել: Նրա խոսքով՝ մեդիագրագիտությունը կրթական բարեփոխումներում ոչ միայն դիտվում է որպես հիմնական կոմպետենցիաներից մեկը, այլև ներդրվում է կրթության այնպիսի գործիքակազմ, որը կարող է աշխատել միայն մեդիագրագետ սովորող ունենալու պարագայում: Որպես օրինակ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է նախագծային ուսուցումը և աշխատանքը տարբեր աղբյուրների հետ, որը դառնում է տարբեր առարկաների դասավանդման հիմնական մեթոդներից մեկը. «Սա, առաջին հերթին, ենթադրում է, որ մեր սովորողներն ու նաև ուսուցիչները պետք է կարողանան ճիշտ ընտրել տեղեկատվության աղբյուրներն ու տեքստերը, որոնց հետ պետք է աշխատել: Սա ունիվերսալ հատկություն է և կրթության իրականացման մեթոդի հիմքում ընկած մոտեցում, ըստ որի՝ շահառուն պետք է բավարար մեդիագրագիտություն ունենա: Հետևաբար, այս կարողությունն անհրաժեշտ է ամենուր՝ անկախ նրանից, թե կրթական որ աստիճանի և որ բնագավառի մասին ենք խոսում»:

Նախարարը տեղեկացրել է՝ մեդիագրագիտությունը դարձել է նաև ուսուցիչների վերապատրաստման պարտադիր ծրագրի մաս. ուսուցչին ներկայացվող մասնագիտական պահանջների մեջ առանձին ամրագրված են 21-րդ դարի հմտությունները՝ որպես զարգացման կարիք ունեցող առանձին ուղղություն: Մեդիագրագիտությունն այդ հմտությունների շարքում է:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև մեդիագրագիտության շաբաթվա՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրին: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ տեխնոլոգիական շեշտակի զարգացումը կրթության համակարգի առջև առաջանցիկ զարգացման խնդիր է դնում:

«Կարիք ունենք հասկանալու՝ ինչպես արդյունավետ արձագանքել այդ զարգացմանն ու այն իրողություններին, որոնք տեղի են ունենում այսօր մեր կողքին: Հանրակրթության ոլորտում արհեստական բանականության երկու առանձին դասընթաց ունենք մասնավոր ոլորտի հետ գործակցությամբ: Այսօր արդեն տեսնում ենք, որ արհեստական բանականության կիրառությունը կրթական համակարգի համար մի կողմից նոր հնարավորություններ է ստեղծում, մյուս կողմից՝ լուրջ մարտահրավեր է: Արդեն իսկ նկատում ենք գրագողության դեպքերի նոր խումբ, որի հիմքում ԱԲ կիրառումն է: Տեսնում ենք նաև, թե ինչպես կարող է իրական բովանդակությունը փոխարինվել այն տեքստերով, որոնց հեղինակն արհեստական բանականությունն է: Սա արդեն ցույց է տալիս, որ կրթական համակարգերը պետք է նոր մոտեցումներ ձևակերպեն և կարողանան առնչվել այս իրողություններին՝ հասկանալու համար առաջիկա մարտահրավերները»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու հույս հայտնել, որ մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում կքննարկվեն բոլոր կարևոր հարցերը:

Նախարարը կարևորել է նաև մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում ՀՀ մարզերում տարբեր ձևաչափերով միջոցառումների անցկացումը, ինչպես նաև գրադարանների ներգրավվածությունը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ երեխաների հետ կրթական համակարգում աշխատանքով առկա է ընտանիքներին ևս մեդիագրագիտության ավելի լայն ընդգրկվածություն և հասանելիություն ապահովելու հնարավորություն:

Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է: Այն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ ամեն տարվա աշնանը և նպատակ ունի ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդրի վրա։

Նախագծի շրջանակում իրականացվում են պանելային քննարկումներ, վարպետության դասեր, ուսուցչական մեծ ֆորում, հանդիպումներ և դասընթացներ գրադարաններում, համալսարաններում և դպրոցներում, մարզային հանդիպումներ, նոր գրքերի և ձեռնարկների շնորհանդեսներ, մարզային հանդիպում-քննարկումներ ոլորտի փորձագետների և լրագրողների հետ: