44-օրյա պատերազմից առաջ և անգամ հիմա Ադրբեջանի հիմնական քաղաքականությունը վրեժի քաղաքականությունն է:
Այս մասին այսօր Պրահայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի հիմնական քաղաքականությունը եղել է վրեժի քաղաքականությունը՝ նախքան 2020-ի պատերազմը և նույնիսկ հիմա: Ես նշեցի Ադրբեջանում առկա հայատյացության մասին: Անկեղծ ասած, Հայաստանում մենք երբևէ ադրբեջանատյացություն չենք ունեցել: Այո, խնդիրը կա և մնում է, բայց մենք երբեք չենք ունեցել ադրբեջանատյացություն մեր երկրում»,-ասաց Փաշինյանը։ չբացառելով ինչ-ինչ առանձին դրսևորումները:
Նա հիշեցրեց՝ Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները որոշել են, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
«Իսկ ի՞նչ եղավ դրանից հետո: Ադրբեջանի նախագահը սկսեց խոսել ինչ-որ «պատմական» քարտեզների մասին, որոնք իբր պետք է հիմք հանդիսանան սահմանազատման, սահմանագծման համար: Նա ասաց՝ «Երևանը ադրբեջանական հին քաղաք է»: Երևանը ՀՀ մայրաքաղաքն է: Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ նկատմամբ: Եվ հիմա դա ամենալուրջ խոչընդոտներից մեկն է՝ խաղաղության գործընթացում: Հայատյացությունն ու վրեժը Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունն են: Ի՞նչ «պատմական» քարտեզների մասին է խոսում Ադրբեջանի նախագահը: Անգամ կես կատակ ասվել է՝ գուցե տեղին կլիներ օգտագործել մեր տարածաշրջանի այն քարտեզները, որոնք Հիսուսի ծննդից առաջ են գոյություն ունեցել: Եվ Հայաստանը 100 տոկոսով համոզված է, որ մենք կարող ենք մատնացույց անել Հայաստանի տարածքն այդ քարտեզների վրա, 100 տոկոսով համոզված ենք, որ ոչ ոք չի կարողանա այդ քարտեզների վրա ցույց տալ Ադրբեջանը»-ասաց Փաշինյանը:
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ