Հետևեք մեզ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարողացավ մեր ազգի համար տագնապալի ժամակներում անսասան պահել Եկեղեցին՝ դառնալով արժանի հաջորդը առաքյալների և երկրորդ Լուսավորիչ Սբ Գրիգոր Հայրապետի. Մայր Աթոռում կատարվեց հայրապետական մաղթանք

17:29, 04 նոյեմբեր 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարողացավ մեր ազգի համար տագնապալի ժամակներում անսասան պահել Եկեղեցին՝ դառնալով արժանի հաջորդը առաքյալների և երկրորդ Լուսավորիչ Սբ Գրիգոր Հայրապետի. Մայր Աթոռում կատարվեց հայրապետական մաղթանք


Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: 

Սրբազան արարողություններին ներկա էին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաներ և բարեպաշտ հայորդիներ:

Մայր Տաճարում ուխտի Սուրբ Պատարագ մատուցեց նոյմեբերի 3-ին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արժանացած Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առեն եպիսկոպոս Շահենյանը: 

Պատարագիչ Սրբազանն իր քարոզում շնորհավորեց Հայոց Հովվապետին օծման ու գահակալության տարեդարձի կապակցությամբ և անդրադարձավ Վեհափառ Հայրապետի հոգևոր, մշակութային, կրթական ու եկեղեցաշեն գործունեությանը՝ ի մասնավորի նշելով. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ 25 տարի առաջ բարգութ Աստված Հայոց ազգին ցույց տվեց Իր սերը և Իր հոգատարութույնը՝ առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցուն տալով բարի հոգատար, իմաստուն և քաջ հովիվ, ով կարողացավ մեր ազգի համար դժվարին,  տագնապալի ու փոթորկալից ժամակներում անսասան պահել հայի ինքնության և փրկության տապան Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին՝ դառնալով  արժանի հաջորդը  Սուրբ Թադեոս ու Սուրբ Բարդուղեմեոս առաքյալների և երկրորդ Լուսավորիչ Սուրբ Գրիգոր Հայրապետի»։

Առեն Եպիսկոպոսը, դիմելով ներկաներին, հրավիրեց ամենքին իրենց սրտագին աղոթքներն ու բարեմաղթանքները միախառնել համայն հայության աղոթքներին՝ հայցելով, որ Տերը քաջառողջ, երկար տարիներ և արդյունաշատ գահակալություն պարգևի Վեհափառ Հորն ու անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ իր նվիրապետական աթոռներով։

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք՝ հանդիսապետությամբ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի: