Հետևեք մեզ։

Հունգարիայում արտակարգ դրությունը կշարունակվի մինչեւ մայիսի 18-ը

22:37, 04 նոյեմբեր 2024
Հունգարիայում արտակարգ դրությունը կշարունակվի մինչեւ մայիսի 18-ը

Հունգարիայի խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ երկրում արտակարգ դրությունը երկարաձգել է ևս կես տարով՝ մինչև մայիսի 18-ը՝ կապված հարևան Ուկրաինայում զինված հակամարտության հետ։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, օրենսդիր մարմնի կայքում հեռարձակված քվեարկության ժամանակ 199 պատգամավորից 130-ը կողմ է արտահայտվել համապատասխան օրինագծին, իսկ 49-ը՝ դեմ։

 

Արտակարգ դրությունը թույլ է տալիս վարչապետին և կառավարությանը որոշ որոշումներ կայացնել արագացված կարգով՝ հրամանագրերի և կանոնակարգերի միջոցով, այլ ոչ թե օրենքների միջոցով, որոնք պահանջում են քննարկում խորհրդարանում:

 

Օրինագիծը պատգամավորներին ներկայացնելով՝ փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը չի դադարում, այնտեղ հումանիտար իրավիճակը ծանր է, և դա դեռևս ազդում է Հունգարիայի վրա, որը շարունակում է ընդունել ուկրաինացի փախստականներին և տնտեսական օգնություն ցուցաբերել հարևաններին։