Հետևեք մեզ։

Ի՞նչ է տեղի ունեցել Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցում. «Իրավունք»

09:23, 05 նոյեմբեր 2024
Ի՞նչ է տեղի ունեցել Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանու անկախ անդամ Ալբերտ Մովսիսյանն ահազանգի հետքերով այցելել է Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց: Ինչ է տեղի ունեցել, «Իրավունք»-ը մանրամասներ է ճշտել նրանից: Պարզվում է՝ 4-րդ դասարանցիների մեջ վիճաբանություն է ծագել եւ փորձել են նեղացնել արցախցի երեխայի՝ նրան անվանելով «քոչվոր», «անհայրենիք»:

 

-Պարոն Մովսիսյան, տեղեկացանք, որ անմիջապես արձագանքել եք տեղի ունեցածին եւ այցելել դպրոց: Ի՞նչ է իրականում կատարվել:

 

-Ահազանգը հետեւյալն էր՝ երկու 4-րդ դասարանի աշակերտ վիճել են եւ մեկը մյուսին անվանել է «քաչվոր», քանի որ վերջինս եկել է Արցախից: Անմիջապես այցելեցի դպրոց ու հանդիպեցի դպրոցի տնօրենի, ուսումնական գծով ղեկավարի, հոգեբանի եւ դասվարի հետ: Անշուշտ, եղավ բուռն խոսակցություն: Գնացի անմիջապես խնդրի առարկա հանդիսացող դասասենյակ, որտեղ երգի դասաժամ էր: Խոսեցի երեխաների հետ, բացատրեցի հայրենիքի նշանակությունը՝ շեշտը դնելով Արցախի վրա եւ օրինակ բերեցի մեր հերոս տղաներին, ովքեր նահատակվել են հանուն մեր Արցախ հողի: Հուսամ՝ այցս եւ խոսքս երեխաների վրա ազդեցություն կթողնի: Թեեւ նման հարցերում պետք է համատեղ աշխատեն՝ ծնողը, ուսուցիչը, հոգեբանը: Պետք է հատուկ դասընթացներ անցկացվեն հայրենաճանաչության վերաբերյալ, քանի որ եղավ նույնիսկ երեխա, ով ասաց, թե՝ ինքը արմատներով լոռեցի է, սակայն հայ է: Այստեղ մենք իսկապես խնդիր ունենք երեխաններին, հատկապես չափահասության շրջանում գտնվող պատանիներին բացատրելու, որ բոլորս ենք հայ՝ անկախ տարածաշրջանից:

 

-Իսկ ինչպիսի՞ն էին տնօրենի եւ ուսուցչակազմի մոտեցումները:

 

-Բնականաբար, զարմացած, քանի որ նրանց նման խնդիր ծանոթ չէր: Տնօրենի խոսքերով՝ նրանք մշտապես արցախցու կողքին են եղել ու կմնան եւ այս պահին դպրոցում ուսանում է 35 արցախցի աշակերտ:

 

-Ընդհանուր առմամբ՝ ինչպիսի՞ վիճակում էր գտնվում դպրոցը:

 

-Դպրոցն արդեն իսկ ջեռուցվում էր, կահավորված էր անհրաժեշտ գույքով, վերանորոգված էր, ուներ ապաստարան: Սպորտդահլիճը գտնվում էր փոքրի-ինչ անբարենպաստ վիճակում, բացակայում էր անհրաժեշտ գույքը՝ փափուկ հատակ, այծիկ եւ այլն: Փատուհանը կոտրված էր եւ ամրացված ստվարաթղթով: Պատերը խոնավ էին:

 

-Զինվորի անկյունը պահպանվա՞ծ է:

 

-Այո, միջանցքում կար նախատեսված անկյուն հենց դպրոցի սաների նկարներով, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ Ռոբերտ Աբաջյանի նկարներն առանձնացված էր հատուկ դասասենյակում, որտեղ նրա մասին պատմող տվյալններ կային նաև»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: