Հետևեք մեզ։

Լարվածությունն այնքան մեծ է, որ բառացիորեն կռվում են ամեն ձայնի համար. միջազգայնագետը՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին

10:51, 05 նոյեմբեր 2024
Լարվածությունն այնքան մեծ է, որ բառացիորեն կռվում են ամեն ձայնի համար. միջազգայնագետը՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին

Այսօր ամերիկացիներն ընտրելու են իրենց 47-րդ նախագահին: Այս ընտրությունն իր ազդեցությունն է ունենալու համաշխարհային կարևորագույն գործընթացների վրա: Ուզենք, թե չուզենք՝ ազդելու է նաև մեր տարածաշրջանի վրա:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Կանխատեսում անելն անհնարին է, ըստ տարբեր հարցումների, թեկնածուների վարկանիշի տարբերությունը մինչև 1-2% է կազմում: Նույնը վերաբերում է ընտրիչների ինստիտուտին: Ի դեպ, նույն պատկերը նաև Կոնգրեսի ընտրություններին է վերաբերում: Այսինքն, ըստ տասնյակ հարցումների, չնչին տարբերություններով ընթանում է հավասար պայքար: 

Ճոճվող 7 նահանգներում (որտեղ թեկնածուների ձայները հավասար են բաշխված) Թրամփն ունի 0.9% առավելություն՝ 48.6%, Հարիսը՝ 47.7%:

Ընդհանուր առմամբ, ըստ տասնյակ հարցումների միջինացված թվերի, Թրամփն ու Հարիսը ունեն հավասար՝ 48.5% նախընտրական վարկանիշ: Ինչու եմ ներկայացնում միջինացված թվեր, քանի որ՝ օրինակ պրոհանրապետական Fox News-ը պնդում է, որ հաղթում է Թրամփը՝ 2% առավելությամբ, իսկ պրոդեմոկրատական CNN-ը պնդում է, որ հաղթում է Հարիսը 1.5% առավելությամբ: 

Հատկանշական է, որ գործող նախագահ Բայդենի վարկանիշը 40.7% է, որը բավականին ցածր ցուցանիշ է և էապես խանգարում է Հարիսին: 

Լարվածությունն այնքան մեծ է, որ բառացիորեն կռվում են ամեն ձայնի համար, մանավանդ ճոճվող նահանգներում: Դրա համար, հաշվի առնելով տեղի բնակչության էթնիկ կառուցվածքը, օրինակ Հարիսը Միչիգանում պրո-Պաղեստինյան ֆեյսբուքյան արշավ է անում (քանի որ արաբ բնակչություն կա), իսկ Փենսիլվանիայում պրո-Իսրաելական:

Իր հերթին, ամենից խնդրահարույց Փենսիլվանիայում Իլոն Մասկը շարունակում է օրական 1մլն դոլար խաղարկել այն քաղաքացիների շրջանում, ովքեր միանում են պրո-Թրամփյան քաղաքական արշավին: 

Մի խոսքով, ԱՄՆ 47-րդ նախագահը կգա ընդամենը մի քանի ժամից»,-գրել է նա։