Հետևեք մեզ։

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Բրյուսելում Հայաստանի դեսպանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից

11:19, 05 նոյեմբեր 2024
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Բրյուսելում Հայաստանի դեսպանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Politico-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այս մասին խոսել  է Ազգային ժողովում  լրագրողների հետ ճեպազրույցում։ 

«Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում հնչել են վիրավորանքներ և սպառնալիքներ, որի վերաբերյալ հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև Եվրամիությանը։ Այդ հարցով, կարծում եմ, հետաքննություն է տեղի ունենում։ Արձագանք դեռևս չկա»,- նշել է Հովհաննիսյանը։ 

Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից՝ հավելելով, որ Հայաստանի դեսպանությունն այս առնչությամբ պաշտոնական բողոք է հղել Բրյուսելում այլ դիվանագիտական առաքելություններին։ 

Նամակում, որը վկայակոչում է Politico-ն, նշվում է, որ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը բանավոր հարձակումների և ահաբեկումների է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից, որն ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել Բալայանի կյանքի դեմ։ 

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում անցկացված ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել է Թուրքիայի դեսպանատան կողմից՝ երկրի ազգային տոնի առթիվ: 

Ի պատասխան Politico-ի հարցմանը՝ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը հայտարարել է, որ նման միջադեպ տեղի չի ունեցել՝ հավելելով, որ ընդունելությունն անցել է բարեկամական մթնոլորտում, որը բնորոշ է սովորական դիվանագիտական միջոցառումներին: