Հետևեք մեզ։

Հայկ Մարությանը ստորագրահավաք է սկսել հանրային տրանսպորտի սակագների թանկացման դեմ

15:40, 05 նոյեմբեր 2024
Հայկ Մարությանը ստորագրահավաք է սկսել հանրային տրանսպորտի սակագների թանկացման դեմ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում անցկացրեց բողոքի ակցիա՝ «Առավելագույնը 100 դրամ» խորագրով, որով տրվեց հանրային տրանսպորտի սակագների թանկացման դեմ ստորագրահավաքի մեկնարկը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողներին հայտնեց, որ թեև տրանսպորտային փոխադրումների որակը գնալով բարձրանում է, սակայն ռեֆորմը դեռ չի հասել իր ավարտին, և դեռ բավականին մեծ աշխատանք կա անելու։ 

«Նոր շարժակազմերը, բնականաբար, պահանջում են նոր ծախսեր, բայց պետք է գիտակցել նաև, որ մայրաքաղաքի հանրային տրանսպորտը ծառայում է մասնավորապես և հիմնականում այն քաղաքացիներին, ովքեր տեղափոխության այլ տարբերակ չունեն։ Փաստացի տրանսպորտից օգտվում են գլխավորապես նրանք, ովքեր ֆինանսապես այդքան էլ ապահովված չեն, հետևաբար մեր մայրաքաղաքի տրանսպորտը սոցիալական է։ Զրուցել ենք շատերի հետ, և այս ստորագրահավաքը նաև դրա հիմքում է ընկած, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ ասում են, որ իրենց ձեռնտու չէ տրանսպորտի թանկացումը։ Նոր գները նրանց համար ուղղակի անհասանելի են։ Կան տարբեր փաթեթներ, որոնցում ներառված են տարբեր սակագներ։ Մեզ ասում են, որ այդ փաթեթները մշակված են, սակայն հանրային տրանսպորտի սակագների թանկացման հիմքում իրատեսական ոչ մի հաշվարկ չկա»,- նշեց Մարությանը։  

 

Նա տեղեկացրեց, որ համապատասխան հարցումներով դիմել են քաղաքապետարան, բայց այնտեղից իրենց ոչ մի հաշվարկ չեն ներկայացրել։ Իրենք առաջարկում են, որ այդ փաթեթները մնան, քանի որ կատարվել է որոշակի աշխատանք, պարզապես միակ կետը, որ պահանջում են ավելացնել, այն է, որպեսզի տոմսը մնա միասնական և մեկ տոմսը բոլորին հասանելի լինի 100 դրամով։  

 

«Մենք սկսում ենք ստորագրահավաք, որովհետև բոլորը դեմ են թանկացմանը։ Մարդիկ ոչ թե չեն ցանկանում ավել վճարել, այլ պարզապես այդ հավելյալ գումարը չունեն, հետևաբար տրանսպորտից օգտվելու համար պետք է կտրեն իրենց հանապազօրյա կարևոր այլ ծախսերից։ Ինքնին հասկանալի է, որ ամբողջ աշխարհում տրանսպորտն իսկապես թանկարժեք միջոց է, սակայն նույն արտասահմանյան երկրներում գործում է պետական սուբսիդավորումը»,- նշեց Երևանի նախկին քաղաքապետը։ 

 

Մարությանի պնդմամբ՝ խնդրի լուծումը քաղաքային իշխանությունների ձեռքում է։ Ոչ ոք կողքից նրանց չի կարող խանգարել։ Ըստ նրա՝ քաղաքապետարանին ձեռնտու է, որ բյուջե մտնեն մեծ գումարներ։ Միայն շինթույլտվություններից, կարմիր գծերից և գույքահարկից ստացվում են ահռելի գումարներ, դրանք կազմում են միլիոնավոր դոլարներ, որոնց մի մասը կարելի է ուղղել տրանսպորտի սուբսիդավորմանը։ Դրա փոխարեն, Մարությանի կարծիքով, զուգահեռաբար իրականացվող բազմաթիվ ծախսեր այսօր ուղղակի պատճառաբանված չեն, մինչդեռ տարբեր աղբյուրներից լցվող բյուջեն հենց սոցիալական ծրագրեր իրականացնելու համար է։