ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է «Նախագծերի կառավարման մրցանակաբաշխություն 2024» միջոցառմանը, որը կազմակերպել էր Հայաստանի նախագծերի կառավարման ինստիտուտը՝ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ:
Ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել, որ նախարարությունը կարևորում է նախագծերի կառավարման կոմպետենցիաների զարգացումը հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ առաջնային դիտարկելով կառավարիչների ինստիտուտների կայացման խնդիրը:
«Հանրակրթության պետական նոր չափորոշչով 7-12-րդ դասարանների ուսումնական ծրագրում ներդրվել է նախագծային ուսուցումը, որի շրջանակում սովորողները յուրացնում են նախագծային կառավարման և տրամաբանական աղյուսակի մոտեցման (Logical Framework Approach) մտածողությունը։ Բարձրագույն կրթության համակարգում ևս մեծապես կարևորվում է տարբեր ոլորտներում ծրագրերի ղեկավարման կարողունակությունների զարգացումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։
Միջոցառման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանձնել է «Կայունության նախագծի ղեկավար» անվանակարգի մրցանակը:
«Նախագծերի կառավարման մրցանակաբաշխություն 2024» միջոցառման նպատակն է բարձրաձայնել նախագծերի կառավարման կարևորության մասին՝ հանրայնացնելով նախագծերի կառավարման ոլորտում հաջողություններ գրանցած մասնագետներին: