Թուրքիայում Մարդինի, Բաթմանի և Հալֆեթիի՝ քրդամետ Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության (DEM) կուսակցությունից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելուց հետո կուսակցության համանախագահ Թունջեր Բաքըրհանը Մարդինում մասնակցել է քաղաքապետարանի մոտ կազմակերպված ակցիային։
Հավաքի ընթացքում ելույթ է ունեցել նաև հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Օզգուր Օզելը։ Duvar-ի փոխանցմամբ՝ Օզելի ելույթից և ակցիայի վայրից հեռանալուց հետո ոստիկանները ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառել, նաև ռետինե փամփուշտներ արձակել հավաքվածների ուղղությամբ։
Մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD) Բաթմանի մասնաճյուղը հայտարարել է, որ Գյուլիստան Սոնուքին փոխարինելու համար Բաթմանի քաղաքապետարանում հոգաբարձու նշանակվելուց հետո բազմաթիվ մարդիկ են բերման ենթարկվել։ Ձերբակալվածները նվաստացուցիչ վերաբերմունքի են ենթարկվել։
Բաթմանում երեկ ամբողջ օրվա ընթացքում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է առնվազն 75 մարդ։ Շանլըուրֆայի Հալֆեթի քաղաքում էլ ոստիկանները ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ են կիրառել ցուցարարների նկատմամբ։