Հետևեք մեզ։

Կառավարությունը ցանկանում է Սևանա լճում ձկնային որսի չափաքանակներ սահմանելու լիազորություն ունենալ

12:09, 06 նոյեմբեր 2024
Կառավարությունը ցանկանում է Սևանա լճում ձկնային որսի չափաքանակներ սահմանելու լիազորություն ունենալ

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։

 

Նախագծի ընդունումը պայմանավորված է Սևանա լճի մասին օրենքի 13-րդ հոդվածում սահմանված միջոցառումների իրականացման ընթացքում առաջացած օրենսդրական բացերով։ Արա Մկրտչյանը պարզաբանեց, որ «Սևանա լճի մասին» օրենքի շրջանակում տարեկան ծրագրի մշակումը պարտադիր է, և այդ ծրագրում ներառվում են Սևանա լճի կենսառեսուրսների, այդ թվում՝ ձկնային և խեցգետնային արդյունահանման տարեկան առավելագույն չափաքանակները։ Սակայն նշված չափաքանակները որոշվում են միայն համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա, որոնք իրականացվում են երկու փուլով՝ նոյեմբերին և հունիսին։

 

«Առաջարկվում է կառավարությանը լիազորություն տալ, որպեսզի յուրաքանչյուր տարվա համար, համապատասխան ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, գործադիր մարմինը կարողանա հաստատել Սևանա լճում ձկան որսի չափաքանակները»,- ասաց Մկրտչյանը։

 

Հանձնաժողովը դրական եզրակացություն  տվեց նախագծին։