Հետևեք մեզ։

Հայաստանին տրամադրվելիք վարկային միջոցներով կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն

17:25, 06 նոյեմբեր 2024
Հայաստանին տրամադրվելիք վարկային միջոցներով կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն

«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 10.000.000 եվրոյի չափով վարկային միջոցներ` Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում գտնվող 7.7 հա հողատարածքում իրականացնելու մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու դրա տեխնիկական ապահովումը, հաղորդում է ՀՀ Ազգային ժողովը։

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի խոսքով փաստաթուղթը ՀՀ-ի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրվել է 2024 թվականի մայիսի 14-ին:

 

Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամից կտրամադրվի նաեւ 2 մլն եվրո դրամաշնորհ:

 

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի` կենտրոնի առկայությունը կնպաստի ապրանքների մաքսազերծման բացթողնման ժամանակահատված կրճատմանը, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը:

 

«Ներկայումս Սյունիքի մարզում գործում են երկու ժամանակավոր պահեստներ, նաեւ` Սիսիան քաղաքի մոտ տեղակայված մաքսատունը»,- ընդգծել է զեկուցողը:

 

Ներկայացնելով որոշ վիճակագրական տվյալներ` Աշոտ Մուրադյանը փաստել է` 2022 թվականին Հարավային մաքսատուն վարչությունում հայտարարագրվել է 373 հազար տոննա բեռ, 2023-ին` 569 հազար տոննա, իսկ 2024-ին` ավելի քան 650 հազար տոննա:

 

Նախագծով նախատեսվում է նաեւ ՀՀ կառավարության կողմից 2,4 մլն եվրոյի չափով համաֆինանսավորում: Այն ուղղվելու է ավելացված արժեքի հարկի գծով պարտավորությունների վճարմանը:

 

Հարցը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 6-ի արտահերթ նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:

 

Հանձնաժողովը նաեւ քննարկել ու հավանության է արժանացրել «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: