Հետևեք մեզ։

Բռնատիրությունն ու կլիմայի փրկությունն անհամատեղելի են․ ադրբեջանցի ակտիվիստները բողոքի են դուրս եկել

19:49, 06 նոյեմբեր 2024
Բռնատիրությունն ու կլիմայի փրկությունն անհամատեղելի են․ ադրբեջանցի ակտիվիստները բողոքի են դուրս եկել

«Stop COP 29»` կոչ են անում ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստները՝ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի վրա։ Գերմանիայում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի անցկացման նախօրեին։ Այս մասին գրում է «Գեղարդ» հիմնադրամը։

 

Կլիմայի փոփոխությունը, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ մարդկության համար, ամբողջ աշխարհին հուզող հարցերից մեկն է։ Այն դարձել է նաև գլոբալ առաջնորդների քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը։

 

Կան պետություններ, որոնց ղեկավարները փորձում են «որսալ» պահը և մտնել կլիմայական օրակարգ՝ այն դարձնելով սեփական PR-ի (ճանաչելիության) գործիք, շեղելով հանրության ուշադրությունը սեփական հանցանքներից, բռնություններից ու ագրեսիվ գործողություններից։

 

Այսպես՝ Ադրբեջանը 2024 թվականի նոյեմբերի 11-ին ընդունելու է COP 29 կլիմայական 11-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու են հազարավոր ներկայացուցիչներ տարբեր երկրներից։ Ամենամյա այս միջոցառումների շարքը նպատակ ունի լուծումներ գտնել կլիմայական հրատապ խնդիրների համար։

Բաքվի ընտրությունը՝ որպես ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող կլիմայական խոշոր միջոցառում հյուրընկալող երկիր, բազմաթիվ քննադատությունների պատճառ է դարձել։ Իրավապաշտպան կառույցները, միջազգային լրատվամիջոցները, բազմաթիվ քաղաքական գործիչներ տարակուսանք են հայտնել այս առթիվ։ Ըստ նրանց՝ ինչպե՞ս կարող են մի պետության վստահել այդպիսի գագաթնաժողովի անցկացումը, որի ղեկավարությունն էթնիկ զտման է ենթարկել Արցախը, հետապնդում է ընդդիմադիրներին, երկրում փակում է լրատվամիջոցները, սահմանափակում խոսքի ազատությունը։

 

Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ձերբակալել, բռնության ենթարկել ու հետապնդել ավելի մեծ թվով ընդդիմախոսների։

 

Բաքվում անցկացվելիք գագաթնաժողովը հեգնանք է կլիմայական խնդիրների նկատմամբ․ այն միտված է նավթադոլարների միջոցով Ալիևի հեղինակությունը պահպանելուն և Բաքվի հանցավոր գործողությունները քողարկելուն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։