Հետևեք մեզ։

Գրիգորի Խաչատուրովը Տավուշի զորամիավորմանն ասել է՝ թեև հրաման էլ լինի, ոչ մի քայլ հետ. ըստ պաշտպանի՝ իշխանությունները ունեն պլան և վախենում են՝ դրան խանգարի Խաչատուրովը

13:24, 05 մայիս 2023
Գրիգորի Խաչատուրովը Տավուշի զորամիավորմանն ասել է՝ թեև հրաման էլ լինի, ոչ մի քայլ հետ. ըստ պաշտպանի՝ իշխանությունները ունեն պլան և վախենում են՝ դրան խանգարի Խաչատուրովը

Այս իշխանությանը հարկավոր է, որ Գրիգորի Խաչատուրովը լինի ներսում, Խատարուրովի գնահատմամբ՝ քննիչներից շատերը, դատախազները տեղյակ չեն՝ ինչի համար են սա անում: Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց Գրիգորի Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանը:

 

Ըստ նրա՝ Գրիգորի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ կալանավորման պատճառը եղել է 2020-ին նրա կողմից բանակային կորպուսին արձակված հրամանը:

 

«Ինչո՞ւ ինքը, ինչո՞ւ հիմա. ես մի քանի ժամկետներ նշեմ.

 

Մարտի 12-ի ՀԺ-ով հայտարարեցին, որ մարտի 13-ին Փաշինյանը մամուլի ասուլիս է ունենալու: Այդ օրն էր նշանակված նաև վերաքննիչ դատարանի՝ Գրիգորի Խաչատուրովի կալանքի որոշման հրապարակումը: Մեսրոպ Մակյանի մոտ չի եղել գործ, որ բանավոր չկարողանանք ճշտել ՝ ինչ է որոշվել, 3 օր չէինք կարողանում ճշտել: Մարտի 13-ին տեղի ունեցավ ասուլիսը, արդեն իսկ որոշված էր, որ Գրիգորի Խաչատուրովին պետք է կալանավորեն, այդ մասին չէին հայտնել, որ հարցեր չհնչեն:

 

Ապրիլի 21-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ 6 շաբաթ առաջ ՀՀ իշխանություններին ուղարկել են պայմանագրի իրենց տարբերակը և ոչ մի տեղեկություն չեն ստացել: Երբ 6 շաբաթ հետ ենք գալիս, դա գալիս է մարտի 11-ը, այսինքն դա ստացել են Ադրբեջանից, հրավիրել ասուլիս ու առաջին անգամ խոսել 5-րդ շարասյան և այլնի մասին: Իմ գնահատմամբ՝ ոչ թե պայմանագրի օրինակ, այլ վերջնագիր են ուղարկել ՀՀ իշխանություններին»,- ասաց պաշտպանը:

 

Պողոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո անընդհատ քննարկման առարկա է հանդիսանում Տավուշի սահմանագծի հետ կապված հանգամանքները:

 

«Երեկ չէ առաջին օրը հրապարակվում է Գրիգորի Խաչատուրովի՝ 2020 թվականի դեկտեմբերի հրամանը զորամիավորմանը, որտեղ նա ասել է՝ «քաղաքական իշխանությունների նման գործելակերպը կարող է թուլացնել Տավուշի սահմանագիծը, ոչ մի քայլ հետ, թեև առկա լինեն հրամաններ, բնագիծը պետք է անսասան պահպանվի, համալրում պետք չի»: Ակնհայտ է, որ այդ ժամանակ եղել է պայմանագիր ստորագրելու խոստումը, բայց իրենց մտերիմներին ասել են՝ մի հատ պրոբլեմ ունենք, Գրիգորի Խաչատուրովն է, հրաման է արձակել, չգիտենք՝ կաշխատի, թե չէ»,- ասաց Պողոսյանը:

 

Փաստաբանը կարծիք հայտնեց՝ քաղաքական իշխանությունները Գրիգորի Խաչատուրովին կալանավորել են և այս երկամսյա ժամկետում բանակցութուններ են վարում:

 

«Իրենց կարծիքով Գրիգորի Խաչատուրովը կարող էր ազդեցություն ունենալ պայմանագրի ստորագրման պարագայում՝ սահմանագծի խախտման մասով: Ակնհայտ է, չէ՞, որ այդ հրամանի առկայությունը այս իշխանությունների համար գաղտնիք չի եղել: Այս ամեն ինչի պատճառն այն է, որ քաղաքական իշխանությունները ունեն որոշակի պլան և վախենում են՝ այդ պլանին խանգարի Գրիգորի Խաչատուրովը»,- ասաց Միհրան Պողոսյանը: