«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ ԲԴԽ անդամների թեկնածուների է հաստատել։ ՀԾԿՀ-ում ԱԺ-ին կներկայացնեն Մեսրոպ Մեսրոպյանին, որը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը ՀԾԿՀ անդամ էր, ոլորտի հնաբնակներից, բայց պատերազմից հետո նշանակվեց Կոտայքի մարզպետ՝ մինչեւ 2021 թ․ մայիս։
Մեսրոպյանը Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամն է, եւ ՀԾԿՀ նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը ՔՊ-ում չեն ողջունել, քանի որ արդեն սկսել են գերազանցել նախկիններին` դինաստիայով պաշտոններ զբաղեցնելու հարցում: Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահն է, որդին՝ Հրազդանի քաղաքապետը, փեսան` Կոտայքի փոխմարզպետը, տնօրենների ու հիմնարկների ղեկավարների մասին չենք խոսում:
Մեսրոպյանի մրցակիցը եղել է Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, որին ՔՊ-ում «հավերժ թեկնածու» են անվանում․ ժամանակ առաջ էլ նա հավակնում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի, ապա՝ նախագահի պաշտոնին, սակայն ՔՊ թիմը մերժեց: Հիմա կատակում են, թե նա «հավերժ թեկնածու է մնալու»։
Իսկ ԲԴԽ գիտական անդամի թափուր պաշտոնում ՔՊ վարչությունը հաստատել է 2018-ից ՔՊ-ական դարձած փաստաբան Ալիկ Սիրունյանի թեկնածությունը, որին անցած շաբաթ մերժեցին արդարադատության նախարար նշանակել: ՔՊ ֆրակցիան այս ընտրությունից ուղղակի կատաղած է, ասում են, որ «արժանի մրցակից» կար` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը, որն իշխանությունների սրտի դատավորներից է, նա է Աշոտ Երկաթին կալանք տվել:
Նա 2018-ի մայիսի 17-ին է նշանակվել վերաքննիչի դատավոր, 3 ամիս անց հրաժարական է տվել, 2020-ին նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, 2021-ի հունիսին՝ ազատվել պաշտոնից: Հոկտեմբերին նորից վերադարձել է դատական համակարգ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: