«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Երեքշաբթի օրը կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում թեեւ սպասվում էր, որ օրակարգային հարցերի մեջ պետք է լիներ նաեւ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները այս մասին լռում են:
Միայն հայտնի է, որ քննարկվել է ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածությունների հարցը, եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասել Քոչարյանի մասին, կուսակցականները ենթադրել են, որ հարցը դեռ չի հետաքրքրում նրան:
«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ իր «փոքրացած» թիմակիցներին պատմել է, թե ինքը Փաշինյանին բացատրել է, որ չպետք է տրվել այն երիտասարդների էմոցիաներին, որոնք ելույթ են ունեցել իր դեմ ՔՊ հայտնի նիստում:
Ներկայացրել է, որ իրեն հեռացնելը մեծ հարված կլինի ՔՊ-ին և կուրախանա ընդդիմությունը, ապա նաև հիշեցրել է, որ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը դեռ ներկայացված չէ. ուստի սխալ կլինի իր հեռանալը: Ըստ ամենայնի՝ հենց հանձնաժողովի ամփոփիչ զեկույցի ներկայացման անհրաժեշտությամբ պայմանավորված Քոչարյանի պաշտոնանկության հարցի քննարկումն ու քվեարկության կազմակերպումը ՔՊ խմբակցությունում դեռ կհետաձգվի:
Իհարկե, Քոչարյանը «Հանրային»-ի եթերում խոստացել էր, որ հոկտեմբերին հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի և ԱԺ նիստ կհրավիրվի, սակայն չի կատարել խոստումը: Նա ժամանակ է ձգում՝ երկարաձգելով իր պաշտոնանկության հարցի քննարկումը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: