Հետևեք մեզ։

«Եվրաքվե»-ի 60,000 ստորագրությունը փոխանցվել է ԿԸՀ-ին

15:04, 07 նոյեմբեր 2024
«Եվրաքվե»-ի 60,000 ստորագրությունը փոխանցվել է ԿԸՀ-ին

Արտախորհրդարանական 4 ուժերի նախաձեռնած «Եվրաքվե»-ի 60,000 ստորագրություն այսօր փոխանցվել է ԿԸՀ-ին: Այս մասին լրատվամիջոցներին փոխանցել են ԿԸՀ-ից։

«2024թ. սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացվել  «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը: Նախաձեռնող խումբն ուներ 60 օր ժամանակ անհրաժեշտ թվով ստորագրությունների հավաքման համար։

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը տուփերը սոսնձել և ստորագրել է։ Նախաձեռնության ներկայացուցիչները ևս իրենց ստորագրություններով հաստատել են տուփերի հանձնումը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ սահմանված ժամկետում՝ մեկ ամսում կստուգի ստորագրությունները և կհրապարակի արդյունքները։

Նշենք, որ այդ գործընթացը կարող է իրականացվել միայն ԿԸՀ սահմանած վերջնաժամկետից հետո (նոյեմբերի 14), քանի որ այդ օրերին ևս ՀՀ քաղաքացիները կարող են սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով միանալ նախաձեռնությանը»,- հաղորդում է ԿԸՀ-ն։