Հետևեք մեզ։

Շրջակա միջավայրի նախարարը ընդունել է Գերմանիայի դեսպանին. քննարկվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը

21:50, 07 նոյեմբեր 2024
Շրջակա միջավայրի նախարարը ընդունել է Գերմանիայի դեսպանին. քննարկվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին։
 
 
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը շնորհավորել է տիկին Բուշին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման։
 
 
«Գերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի և մասնավորապես՝ մեր ոլորտային բարեփոխումների համար։ ՀՀ կառավարությունը հետամուտ է գերմանական կողմի հետ իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետ ընթացքին և պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը»,-նշել է նախարարը։
 
 
Տիկին Բուշն իր հերթին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մասնավորապես Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Կենսաբազմազանության կողմերի համաժողովը` COP 17-ն հյուրընկալող երկիր ընտրվելու առթիվ։
 
 
«Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնապահպանական օրակարգում կենսաբազմազանության պահպանությունն առաջնահերթություն է, և մենք կարող ենք համագործակցել համաժողովի կազմակերպման և նախապատրաստական աշխատանքներն իրականացնելիս»,-նշել է նախարար Սիմիդյանը։
 
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանը, քննարկվել է հնարավոր համագործակցության հնարավորությունը։
 
 
Կողմերն անդրադարձել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ծրագրերին։
 
 
Մասնավորապես քննարկվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26,2 միլիոն եվրո։
 
 
Ծրագիրը նախատեսում է երկու բաղադրիչ՝ Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում, անտառների պահպանություն և կայուն կառավարում։
 
 
Նախարարը նշել է, որ Կենսաբազմազանության կողմերի համաժողովն հյուրընկալելու շրջանակում պետք է կրկնապատկել և առավել կենտրոնացնել ջանքերն այս ուղղությամբ։
 
 
Քննարկվել է նաև ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ հնարավոր համագործակցությունը։ Նախարար Սիմիդյանն իր պատրաստակամությունն է հայտնել խորացնել գործակցությունը բոլոր հնարարավոր ուղղություններով։

Վերլուծական