Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ, հայտարարեց Հայաստանի վարչապետ Փաշինյանը՝ Պրահայում պատասխանելով «Ազատության» հարցին՝ որո՞նք են այն հարցերը, որոնց շուրջ վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մնացել են տարակարծիք։
«Չնայած Պրահայում և Սոչիում եղել է արձանագրումը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց մենք խաղաղության պայմանագրի նախագծի մեջ դեռևս չենք կարողանում համաձայնության հասնել այն ձևակերպումների շուրջ, որոնք մեզ վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում կան տարընթերցումներ, և դրանք պահպանվում են:
«Հաջորդը՝ ցանկացած պայմանագիր, նույնիսկ ամենամիանշանակ գրվածները ունենում են տարընթերցումներ, ինչպես պետք է այդ տարընթերցումները լուծվեն, շատ կարևոր խնդիր է ի վերջո՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խաղաղության երաշխավորման հարցը։ Նկատի է առնվում և միջազգային մեխանիզմները, և տեղայինը, մասնավորապես զորքերի ետքաշման հետ կապված, արդյոք մենք չպետք է ունենանք դելիմիտարիզացված՝ ապառազմականացված գոտի։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում կան տարընթերցումներ, և դրանք պահպանվում են։ Իհարկե, կա որոշակի շարժ, եթե նախկինում կողմերի դիրքորոշումների միջև տարբերությունը 1 կմ էր, հիմա՝ 990 մետր, դա շարժ է, բայց հսկայական տարբերություն դեռ կա», - նշեց վարչապետը:
Հարցին՝ Հայաստանը ո՞ր տարբերակով է շարժվում, որ Արցախի հարցը առկախվի և ռուս խաղաղապահները գնան, թե՝ որ Արևմուտքը անվտանգության երաշխիքներ տա Արցախում ապրող հայերին, Փաշինյանը պատասխանեց՝ Հայաստանն աշխատում է տարբերակի վրա, որ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակում, որը պիտի ունենա որոշակի միջազգային ներգրավվածություն․ «հակառակ դեպքում այդ թեման և օրակարգը Ադրբեջանի կողմից կարող է ուղղակի մոռացության մատնվել»։
Միևնույն ժամանակ, վարչապետը պնդեց, թե Վաշինգտոնում սկսված քննարկումը կարող է շարունակվել Մոսկվայում՝ հերքելով պնդումները, թե արևմտյան ու ռուսական նախագծեր կան, որոնք իրարից տարբերվում են։
«Երբեմն կարդում եմ նյութեր, լսում հարցազրույցներ, ուզում եմ հասկանամ՝ մարդիկ էդ ինչի՞ մասին են խոսում։ Եթե ես վարչապետը չլինեի, կմտածեի՝ ինչ-որ բան չգիտեմ», - ասաց Փաշինյանը, հավելելով, թե Արևմուտքից եղել են մոտեցումներ, բայց ոչ տարբերակ՝ թղթի վրա գրված։
«Մոտեցումը բանավոր է, և եթե դա դնենք, թղթի վրա կարդանք, կարող է պարզվել, որ սխալ ենք հասկացել, էդքան էլ տենց չի։ 2020 թվականի օգոստոսին ռուսական կողմը ներկայացրել է գրավոր առաջարկ, մենք ընդունել ենք, Ադրբեջանը՝ մերժել է։ Մենք չենք տեսել Ռուսաստանի կողմից այդ տարբերակը երկրորդ անգամ սեղանին դնելու գործընթաց», - նշեց վարչապետը։
Ճշգրտող հարցին՝ Սոչիում նման փորձ չեղա՞վ՝ Փաշինյանը կրկնեց իր պատասխանը, որ նման փորձ Մոսկվան այլևս չի արել։
«Որ պահին, որ դա դրվի սեղանին, մենք պատրաստ ենք դրանով առաջ գնալ։ Բայց Ռուսաստանի Դաշնությունը ինչքանո՞վ է հետապնդում էդ տարբերակը», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ