Հետևեք մեզ։

Հայաստանում արդարություն, արդարադատություն հաստատելու, կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամքի բացակայություն չկա, բայց դա տեղի չի ունենում․ Նիկոլ Փաշինյան

16:51, 08 նոյեմբեր 2024
Հայաստանում արդարություն, արդարադատություն հաստատելու, կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամքի բացակայություն չկա, բայց դա տեղի չի ունենում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Նախ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը զեկուցել է կոմիտեի 2024 թվականի գործունեության ընթացքի վերաբերյալ:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և կոմիտեի ծառայողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: «Իհարկե, հասկանալի է, որ նոր համակարգ ձևավորելը շատ բարդ և մարտահրավերներով լի աշխատանք է: Այս ընթացքում՝ վերջին երեք տարիներին, Հակակոռուպցիոն կոմիտեի կայացման գործում շատ մեծ և լուրջ ջանքեր են գործադրվել: Բայց նաև հետևյալը պիտի նկատեմ, որ որևէ համակարգի կայացման ավարտն ազդարարելու կետ չկա»,- ասել է վարչապետը և հավելել, որ եթե այդպիսի կետ կա, ապա դա կոչվում է լճացում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, չպետք է սպասել, որպեսզի կայացման և անցումային շրջաններն անցնեն, որպեսզի առաքելությունը կատարված համարվի, քանի որ կայացման կետ չկա, և պետք է անընդհատ ձգտել կատարելագործման, զարգացման: «Այդ առումով, շնորհակալություն հայտնելով ձեզ աշխատանքի համար, ուզում եմ ընդգծել, որ բարեբախտաբար, թե դժբախտաբար Հակակոռուպցիոն կոմիտեի վերաբերյալ իմ ասելիքն, ընդհանուր առմամբ, տեղավորվում է ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության վերաբերյալ իմ ասելիքի շրջանակում: Ասել, որ, ընդհանուր առմամբ, կա դժգոհություն մեր իրավապահ համակարգի գործունեությունից, ճիշտ չի լինի: Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ կա անբավարարվածության ինչ-որ զգացողություն և՛ հանրության շրջանում, և՛ իրավապահ համակարգում: Եվ դա կապված է շատ կոնկրետ իրողությունների հետ»,- նշել է երկրի ղեկավարը և խոսել այդ իրողությունների մասին:

Վարչապետն ընդգծել է, որ դատաիրավական համակարգի մաքսիմալ արդյունավետ աշխատանքի համար Կառավարությունից և անձամբ իրենից ակնկալվող ամեն բան արվել է: «Տեղի են ունեցել ինստիտուցիոնալ լրջագույն բարեփոխումներ, տեղի են ունեցել օրենսդրական բարեփոխումներ, տեղի են ունեցել սոցիալական երաշխիքների համակարգի էական բարեփոխումներ քննչական համակարգում, դատախազական համակարգում, դատական համակարգում, ներդրվել են նաև որոշակի օրենսդրական և տեխնիկական հնարավորություններ: Եվ թերևս այս փուլում գոնե ինձ համար արձանագրում եմ, որ չկա այդպիսի բան, որ դատաիրավական համակարգը Կառավարությունից ակնկալել է, և Կառավարությունն ասել է, որ այդ ակնկալիքը չի բավարարի այն ըմբռնմամբ, որ զարգացման տրամաբանությամբ միշտ էլ պետք է Կառավարությունից ակնկալիքներ լինեն, որովհետև ժամանակն առաջ է գնում, նոր պահանջներ են ի հայտ գալիս կամ նոր անհրաժեշտություններ: Բայց մյուս կողմից՝ մեր ընկալումը հետևյալն է, որ այդ բոլոր գործողություններն իրավապահ համակարգում անելուց, այդ բոլոր ներդրումներն անելուց հետո պետք է նաև որոշակի նախնական արդյունքներ տեսնենք, մանավանդ մի միջավայրում, որ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում արդարություն և արդարադատություն հաստատելու, կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիան արմատախիլ անելու մասով քաղաքական կամքի բացակայություն, ընդհանրապես, չկա: Ընդհակառակը՝ կա հստակ, աներկբա, միանշանակ քաղաքական կամք, որ դա Հայաստանի Հանրապետությունում պետք է տեղի ունենա: Բայց դա տեղի չի ունենում, ակնհայտորեն: Բայց ես այն կարծիքին էլ չեմ, որ դա էլ մի կետ է, որ պետք է ասենք վերջ, ավարտվեց, այլևս այդ խնդիրը լուծված է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ իր զգացողությամբ հանրության տրամադրությունն այնպիսին է, որ Հայաստանում այսօր մեծ ծավալի կոռուպցիա կա, մեծ ծավալի անարդարություններ կան, մեծ ծավալի ապօրինություններ կան, որը, ըստ նրա, այլևս դառնում է քաղաքական խնդիր: Այս համատեքստում խոսելով դատական և դատաիրավական համակարգի անկախ լինելու մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Այստեղ ոչ մեկ չի կասկածում: Ընդ որում՝ ես ուզում եմ ընդգծել, որ Կառավարությունն ապահովել է բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանում լինի անկախ դատաիրավական համակարգ: Այսօր բացառված է, չի կարող լինել մի եզակի դեպք, որ որևէ մեկն ասի, որ Կառավարության քաղաքական դժկամության կամ քաղաքական հակազդեցության պատճառով որևէ գործ առաջ չի գնում, որովհետև Կառավարությունը թույլ չի տալիս, որովհետև Կառավարությունը խոչընդոտ է հանդիսանում: Այդպիսի բան չի կարող ընդհանրապես լինել: Եվ ես երաշխավորում եմ, որ իմ վարչապետ ընտրվելու օրվանից այդպիսի որևէ եզակի դեպք չի արձանագրվել ու չի արձանագրվելու»:

Վարչապետը հավելել է, որ դրանով հանդերձ արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում տեղապտույտի զգացողություն կա: Ըստ Նիկոլ Փաշինյանի, սա այն կետն է, որ կապված չէ դատաիրավական համակարգի անկախ լինելու հետ, և կապված է քաղաքական իշխանության հետ, քանի որ ըստ էության, երկրում արդարության, օրինականության, արդարադատության թիվ մեկ պատասխանատուն Կառավարությունն է: «Եվ սա է պատճառը, որ ես ինքս ստիպված եմ ավելի հրապարակային և ավելի մանրամասն այս թեմաների մասին խոսել, արտահայտվել: Եվ մենք պետք է գտնենք լուծումներ, թե որտեղ է պրոբլեմը»,- նշել է վարչապետը:

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ:

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական չորրորդ վարչության պետի տեղակալ Սմբատ Մխիթարյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: