Հետևեք մեզ։

Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի գործով անցնող մեկ անձ կալանավորվեց․ ՔԿ

17:54, 05 մայիս 2023
Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի գործով անցնող մեկ անձ կալանավորվեց․ ՔԿ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Հանրային ձայն» կուսակցության նախագահի միջոցով այլ անձի արատավորելու և ներդրված գումարները վերադարձնելուն հարկադրելու պատրվակով Երևան քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Հայկ Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու, ինչպես նաև` նույն անձի կողմից մի շարք քաղաքացիների գումարները խարդախությամբ հափշտակելու դեպքերի վերաբերյալ նախաքննությունը:
 
 
Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանի, Արտակ Գալստյանի հետ առերևույթ հանցակցության, ինչպես նաև բազմաթիվ անձանցից մի քանի դրվագ խարդախություններով, ընդհանուր՝ 102.473.316 ՀՀ դրամ գումարներ հափշտակելու համար, Հայկ Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին) և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։
 
 
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Հ.Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Միջնորդությունը դատարանի՝ 2023թ․ մայիսի 5-ի որոշմամբ բավարարվել է, Հ․Խաչատրյանը կալանավորվել է և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ խարդախության դեպքերի հանգամանքները լիարժեք պարզելու, ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու, Հայկ Խաչատրյանի կողմից այլ նմանատիպ հանցագործություններ կատարած լինելու հանգամանքը պարզելու ուղությամբ։
 
 
ՀՀ քննչական կոմիտեն նորից դիմում է վերջինիս հանցավոր գործողություններից հնարավոր տուժած այլ քաղաքացիներին՝ իրենց հայտնի տվյալները ներկայացնել նախաքննական մարմին։
 
 
Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: