Այսօր՝ նոյեմբերի 8-ին, սպանություններ են տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանություն գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն հրազենային վիրավորումով տեղափոխվել է 2 քաղաքացու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Արարատ մարզի դատախազ Վարդան Պողոսյանն ու դատախազներ Ռեմ Ռշտունին և Գոռ Մանասերյանը։
Ժամանել են նաև փորձաքրեագետները։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն մահացածների ինքնությունը։
Դեպքի վայրում՝ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում, հայտնաբերվել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենա, դիմապակին ամբողջությամբ վնասված և արնանման հետքերով։
Տեղում ուժեղացված ծառայություն են շարունակում կատարել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ազգականներ են։