Հետևեք մեզ։

Փաշինյանական իշխանության ամոթալի էջը պետք է փակել, հակառակ դեպքում մեր ժողովրդի գլխին նոր ողբերգություն են բերելու․ Տիգրան Աբրահամյան

11:35, 09 նոյեմբեր 2024
Փաշինյանական իշխանության ամոթալի էջը պետք է փակել, հակառակ դեպքում մեր ժողովրդի գլխին նոր ողբերգություն են բերելու․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ի առիթով ծրագրային ելույթ է ունեցել, որտեղ բացի ավանդական քարոզչական առաջնահերթություններից ու սպառնալիքներից ստորացուցիչ բնույթի հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի իշխանության և նրա ղեկավարի հասցեին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։


«Որքան էլ սպասելի էր, այնուամենայնիվ բավականին տհաճ է, որովհետև այստեղ խնդիրը միայն նիկոլներն ու նրանց իշխանությունը չէ, սա նաև մեր երկրի ու ժողովրդի արժանապատվությանը հասցվող հարվածներ են:


Ալիևը հպարտանում է, որ ստիպել է Փաշինյանին իր հայտնի` «Արցախը Հայաստան է և վե´րջ» կարգախոսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպումով:
Շարունակելով իր խոսքն Ադրբեջանի նախագահը հիշեցնում է, որ այս տարի էլ ստիպել է Փաշինյանին` հանձնելու հայտնի 4 գյուղերը. սա էլ սրանց խոստացած «սահմանազատումը»:


Սպառնալիքների առումով, Ալիևը խոսում է Հայաստանի ապառազմականացման ու, այսպես կոչված, փախստականների Հայաստան վերադարձի մասին, ընդ որում` դա ակնհայտ սպառնալիքի լեզվով է հնչում:


Սա է փաշինյանական քաղաքական կուրսի ծանր հետևանքը` հայաստանյան իշխանության շողոքորթության, անվերջ զիջողականության պատրաստակամության, գլխիկորության, ադրբեջական քաղաքական գծի շրջանակներում գործելու պայմաններում, Ալիևը հոխորտում է, շանտաժի գնում, սպառնում և անարգում հայաստանյան քաղաքական վերնախավին:


Յուրաքանչյուր պարտություն, զիջում, անարժանապատվություն դրսևորում մեր գլխին նոր պատերազմ ու պարտություն է բերելու:


Փաշինյանական իշխանության ամոթալի էջը պետք է փակել, հակառակ դեպքում սրանք մեր ժողովրդի գլխին նոր ողբերգություն և բռնի տեղահանություն են բերելու:


ՀԳ. Ալիևի նյարդային ջղաձգումները պատահական չեն, նրանք լավ գիտեն ու տեսել են, թե ինչ է լինում, երբ գլուխ է բարձրացնում գաղափարական հայը»,- գրել է նա: