Հետևեք մեզ։

Արցախի իշխանություններին որևէ մեկը հաշվի չի առնում, մենք այլևս գործոն չենք, որևէ մեկը չի էլ ուզում մեզ հետ հաշվի նստել․ Արտակ Բեգլարյան

13:13, 09 նոյեմբեր 2024
Արցախի իշխանություններին որևէ մեկը հաշվի չի առնում, մենք այլևս գործոն չենք, որևէ մեկը չի էլ ուզում մեզ հետ հաշվի նստել․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը եռակողմ հայտարարության իր պարտավորություններն ընդհանրապես չի կատարել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Դրա հետևանքն այն է, որ ես և բոլոր արցախցիներն այստեղ ենք, Եռաբլուր ենք այցելում մեր զոհերին հիշատակ մատուցելու համար»,-ասել է Բեգլարյանը։

Հարցին, թե խոսվում է այդ եռակողմ համաձայնագրից Հայաստանի ստորագրությունը ետ կանչելու մասին, դա ի՞նչ կարող է փոխել, Արտակ Բեգլարանը պատասխանել է.

«Ցանկացած բան, որ արվում է, պետք է դրա նպատակը քննարկել․ որն է և ինչ արդյունք և հետևանք ենք ունենալու։ Այս պարագայում մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի կողմից չի խոսվում փաստաթղթի մյուս կետերի մասին, իսկ Ադրբեջանի և ՌԴ-ի կողմից խոսվում է հատկապես 9-րդ կետի վերաբերյալ, որը հիմնարար հարցերից մեկն է, բայց այդ փաստաթութը պետք է դիտարկել ամբողջության մեջ։ Եթե որևէ դրույթի մասին խոսք է ընթանում, ապա փաստաթղթի բոլոր դրույթները պետք է կատարվեն ու հարգվեն։ Բայց չէր ուզի, որ մեր իրավունքների հարցը սահմանափակեինք այս եռակողմ փաստաթղթի սահմաններում։ Պետք է խոսենք մեր հիմնարար իրավունքների մասին, որոնք միջազգային իրավունքի ավելի բարձր նորմերով են ամրագրված, ինչը նշանակում է, որ մենք պետք է վերադառնանք մեր հայրենիք և անվտանգ ու արժանապատիվ կյանք ունենանք»։

Հարցին՝ ով է հիմա բանակցում կամ բանակցելու նրանց վերադարձի համար, Բեգլարյանը պատասխանել է․ «Առաջնային բանակցողը պետք է լինի ՀՀ-ն։ Որովհետև Արցախի իշխանություններին որևէ մեկը հաշվի չի առնում, մենք այլևս գործոն չենք։ Կորցնլով Արցախը՝ որևէ մեկը չի էլ ուզում մեզ հետ հաշվի նստել։ ՀՀ-ն պետք է լինի Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորը՝ բանակցելու միջազգային մակարդակում»։