Հետևեք մեզ։

ՄԻՊ ներկայացուցիչները մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում» քննարկմանը

14:40, 09 նոյեմբեր 2024
ՄԻՊ ներկայացուցիչները մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում» քննարկմանը

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 7-8-ը մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում։ Բարեփոխումների կարգավիճակը և հետագիծը» կլոր-սեղան քննարկմանը։

Միջոցառման շրջանակում պետական իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային փորձագետների ներգրավմամբ քննարկվել են անվտանգության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ ԶՈՒ-ում կարգապահության, հոգեկան առողջության բարելավման, պրոֆեսիոնալիզմի, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, անկախ վերահսկողական հաստատությունների հզորացման, խորհրդարանական վերահսկողության և այլ հարցեր։

Միջազգային լավագույն փորձի և մոտեցումների զուգադրմամբ ներկայացվել են ոլորտային խնդիրներին լուծումներ գտնելու տարբեր մեխանիզմներ։

Մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը նիստի շրջանակում հանդես է եկել առանձին ելութով։ Իր խոսքում նա անդրադարձել է տարբեր երկրներում գործող զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող օմբուդսմանական հաստատությունների մոդելներին (ԶՈՒ կազմում ընդգրկված, Ընդհանուր, Բացառիկ իրավասություն ունեցող և այլն)։

Այս համատեքստում հատուկ ընդգծվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը Հայաստանում ունի ընդհանուր (միասնական) մանդատ, որի ներքո Պաշտպանի առաջնահերթություններից են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների և ընդհանուր առմամբ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։

Կարևորվել է փոխվստահելի ու բարձր մակարդակի համագործակցությունը անվտանգության ոլորտի իրավասու պետական մարմինների, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործընկերների հետ:

«Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կայացած հաստատություն է, որը գործում է հստակ սկզբունքների և սահմանադրական հիմքերի վրա։ Մեզ համար այդ հիմքերի էլ´ ավելի ամրապնդումն ու հզորացումը, մարդկային, ֆինանսական և մասնագիտական կարողությունների շարունակական և հետևողական զարգացումն ունեն սկզբունքային նշանակություն և այդ ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ»,- նշել է Անդրանիկ Եղոյանը:

Միջոցառումը կազմակերպվել էր Խաղաղության երկխոսություն ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի կողմից՝ Ազգային ժողովի և Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ։