Հետևեք մեզ։

Մակրոնը Թրամփին կոչ է արել Ռուսաստանից իրական զիջումների հասնել Ուկրաինայի հարցում. մանրամասներ` 25 րոպե տևողությամբ հեռախոսազրույցից

16:51, 09 նոյեմբեր 2024
Մակրոնը Թրամփին կոչ է արել Ռուսաստանից իրական զիջումների հասնել Ուկրաինայի հարցում. մանրամասներ` 25 րոպե տևողությամբ հեռախոսազրույցից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է Ռուսաստանին «իրական զիջումներ»-ի մղել Ուկրաինայի հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

 

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած 25 րոպեանոց հեռախոսազրույցի մանրամասներին քաջածանոթ անձը լրատվամիջոցին հայտնել է՝ Մակրոնը Թրամփին հորդորել է երաշխավորել, որ Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի հետ ցանկացած դիվանագիտական ​​գործընթաց կհանգեցնի Կրեմլի իրական զիջումներին:

 

Այդ առաջարկին Թրամփի արձագանքի մասին տեղեկություն չի հաղորդվում։

 

The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ԵՄ-ում ներկայում անդրկուլիսային քննարկում է ծավալվել այն թեմայի շուրջ, թե ինչպես է պետք շարունակել Ուկրաինայի ֆինանսավորումը, եթե ԱՄՆ-ի նոր վարչակազմը որոշի կրճատել աջակցությունը պաշտոնական Կիևին:

 

Նշվում է, որ 2022 թվականի փետրվարից ԱՄՆ-ն 106 մլրդ դոլար է տրամադրել Ուկրաինայի կառավարությանը, որից 70 միլիարդը՝ 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ։ Եվրամիությունն իր հերթին 133 մլրդ դոլարի ռազմական, ֆինանսական և մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային:

 

Միլիարդավոր դոլարներ են ներդրել այլ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Նորվեգիան:

 

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը NBC News-ին հայտնել էր, որ նախատեսում է զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։