Հետևեք մեզ։

Թբիլիսիում ընդդիմությունը կազմակերպել է նոր բողոքի ցույց խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ

18:07, 09 նոյեմբեր 2024
Թբիլիսիում ընդդիմությունը կազմակերպել է նոր բողոքի ցույց խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ

Թբիլիսիում ընդդիմությունը կազմակերպել է նոր բողոքի ցույց խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։ Այս մասին տեղեկացնում է «newsgeorgia» լրատվական գործակալությունը։ 

 

Նշվում է, որ այսօրվա բողոքի ակցիան կազմակերպում են «Միասնություն-Ազգային Շարժում», «Փոփոխությունների Կոալիցիա» և «Ուժեղ Վրաստան» կուսակցությունները։ Ցուցարարները երթը սկսել են «Մարջանիշվիլի» և «Պետական համալսարան» մետրոյի կայարաններից։ Ըստ լրատվական գործակալության՝ իրավիճակը խաղաղ է, միջադեպեր չեն գրանցվել։

 

Ցուցարարները երթն անցկացնում են Թբիլիսիի փողոցներով՝ «Ոչ՝ ռուսական ընտրություններին» կարգախոսով։ Երթի վերջնական կետը դեռևս հայտնի չէ։ 

 

«Ակնհայտ է, որ բողոքը երկարաժամկետ է։ Մենք պետք է մշտապես ցույց տանք կառավարությանը և մեր օտարերկրյա ընկերներին, որ Վրաստանում ապրում է եվրոպական ընտրությունը»,- նշել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն։ 

 

Թբիլիսիում անցկացվող ցույցերի հետ մեկտեղ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքում են նաև արտասահմանում գտնվող վրացիները։  

 

«Ոչ՝ ռուսական ռեժիմին» կարգախոսի ներքո բողոքի ցույցեր են անցկացվում Բեռլինում, Վարշավայում, Փարիզում, Աթենքում և Վիեննայում։ Արտերկրում բնակվող վրացական համայնքների հիմնական պահանջն է՝ չճանաչել ընտրությունների արդյունքները։ Նրանք նաև պահանջում են Վրաստանի ԿԸՀ նախագահի հրաժարականը և պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր կարող են առնչություն ունենալ ընտրախախտումների հետ։ 

 

Նոյեմբերի 9-ին ժամը 19:00-ին, նոր ընտրությունների անցկացման պահանջով բողոքի ակցիա է հայտարարել նաև «Գիրչի» կուսակցությունը։ Չնայած կուսակցությունը չկարողացավ հաղթահարել ընտրական շեմը՝ մինչ այս պահը քաղաքական ուժը հրաժարվում էր համագործակցել այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Այժմ «Գիրչի»-ն  առաջարկում է բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, հետևել իրենց առաջադրած ծրագրին։ 

 

Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, չեն վերցնելու մանդատները և փողոցային պայքար են տանելու։