Իրանն ակնկալում է, որ Հայաստանն առավել ակտիվ դիրքորոշում կունենա «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) իրականացման հարցում։
Այս մասին Sputnik Արմենիային ասաց Հայ-իրանական բարեկամության միության նախագահ, Թավրիզի Առևտրի պալատի հայկական բաժնի տնօրեն Ալիռեզա Նազիֆը Կապանում կայացած «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» փորձագիտական սեմինարի շրջանակում։
Պաշտոնապես ՄՏՄ նախագծին մասնակցում են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը։ ՄՏՄ-ն պետք է Երևանի և Թբիլիսիի միջոցով Թեհրանը կապի Եվրոպայի հետ (դա չի նշանակում, որ Իրանն այլ ելք չունի դեպի ԵՄ երկրներ. խմբ.) և մեծացնի մասնակից երկրների տարանցիկ հնարավորությունները։
«Պարսից ծոցից մինչև Սև ծով երթուղին, որն անցնում է Հայաստանի տարածքով, բխում է Երևանի և Թեհրանի շահերից, սակայն ավելի ձեռնտու է հայկական կողմին», - ասել է Նազիֆը։
Նրա խոսքով՝ Իրանը դեպի արտաքին շուկաներ ելք ունի Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով՝ ավանդական երթուղիներով, սակայն Թեհրանի համար կարևոր է Երևանով անցնող ճանապարհը և նրա ավելի ակտիվ ներգրավվածությունն այդ նախագծում:
Հայ-իրանական բարեկամության միության նախագահը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ այդ երթուղով փորձնական բեռնափոխադրումներ են իրականացվել, մասնավորապես ապրանքները Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են վրացական Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Ռումինիա։ Սակայն դրանից հետո ոչ մի տեղաշարժ չկա։
Փորձագետը նշեց, որ երթուղու նախագիծը լիովին մշակված է, բոլոր պայմանները կան իրագործելու համար։ Գործարկման պայմանները քննարկելու համար նա առաջարկում է եռակողմ հանդիպում անցկացնել Իրանի, Վրաստանի և Հայաստանի, ինչպես նաև Հնդկաստանի փորձագետների հետ։