Հետևեք մեզ։

Երախտագիտությամբ ու բազում հուշերով լքում եմ բարեկամ և եղբայրական Իրանը․ ՀՀ դեսպան

11:36, 11 նոյեմբեր 2024
Երախտագիտությամբ ու բազում հուշերով լքում եմ բարեկամ և եղբայրական Իրանը․ ՀՀ դեսպան

Ավարտելով դիվանագիտական առաքելությունս որպես Հայաստանի Հանրապետության դեսպան Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ երախտագիտությամբ ու բազում հուշերով լքում եմ բարեկամ և եղբայրական Իրանը: Այս մասին ասված է ՀՀ դեսպանի հրաժեշտի ուղերձում։

 

«Անցնող երեք տարիները Հայաստանի Հանրապետության և Հայաստան-Իրան հարաբերությունների համար նշանավորվեցին նորանոր մարտահրավերներով ու փորձություններով, կապերի խորացմամբ ու փոխգործակցության ակտիվացմամբ:

 

Այս ժամանակահատվածում ինչպես իմ, այնպես էլ դեսպանության ողջ անձնակազմի ամենօրյա ուշադրության առանցքում է եղել Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերություններն առավել զարգացնելու ռազմավարական տեսլականը:

 

Այս բարդ ճանապարհին ցանկանում եմ երախտագիտությանս խոսքերը հղել մեր իրանահայ համայնքին, որը յուրահատուկ հասարակական ու մշակութային կամուրջ է Հայաստանի և Իրանի միջև: Անկեղծ երախտագիտությունս եմ հղում նաև Իրանում գործող Հայաստանյայց Առաքելական եկեղեցու երեք թեմերին: Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է պահպանել դեսպանության և իրանահայ համայնքի միջև ավանդաբար գործող սերտ շփումները:

 

Նորանոր հաջողություններ և աշխատանքային ձեռքբերումներ եմ մաղթում Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան, պարոն Գրիգոր Հակոբյանին: Վստահ եմ, որ նրա աշխատանքի շնորհիվ մեր երկկողմ հարաբերությունները նվաճելու են նոր ու տեսանելի հորիզոններ:

 

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

 

Կեցցե՛ն Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունները»։